Լուրեր

Ինչո՞ւ երեխաները չեն ցանկանում դպրոց գնալ․ 10 պատճառ 11-ամյա տղայից

Դպրոցը չի սովորեցնում երեխաներին, որ սխալվելը բնական երևույթ է և միայն այդպես կարող ես ինչ-որ բան սովորել։ 11-ամյա խոսնակը 10 կետով պարզաբանում է, թե ինչու երեխաները չեն սիրում դպրոցը։

1․Ուսուցիչը

Երբ դու գալիս ես դպրոց, առաջին հերթին բոլորը քեզ փորձում են վախի զգացում ներշնչել: Դրանցից մեկը՝ վախն է ուսուցչի նկատմամբ:

2. Գնահատականի վախը

Առաջին վախին տրամաբանորեն հաջորդում է երկրորդ վախը՝ վախ ցածր գնահատականի նկատմամբ: Հետո դրան հաջորդում է վախը ծնողական պատժի նկատմամբ, դպրոցի տնօրենի և այլն: Դպրոցում չեն նայում, թե ով ես դու իրականում, քեզ դատում են միայն քո գնահատականներով:

3. Սխալվելու վախը

Եվս մեկ վախ է՝ սխալվելու վախը: Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվելը դա բնական է և պետք է, չէ՞ որ միայն այսպես կարող ես ինչ-որ բան սովորել:

4.Ծաղրը

Եվս մեկ ու կարևոր խնդիր է համադասարանցիների ծաղրը: Եվ շատ հաճախ սա ուսուցչի սխալն է լինում, քանի որ նրանք հաճախ են փնովում մյուսներին՝ օրինակ բերելով կարգապահ կամ լավ սովորող համադասարանցիներին: Նրանց համար գնահատականն ավելի կարևոր է, քան աշակերտը: Ես գնացել եմ խմբակների, կարողանում եմ կաշվե թևնոցներ պատրաստել և էլի շատ բաներ և երբ իմ խմբակավարը եկավ դպրոց՝ առաջարկելու այս դասընթացները անցկացնել այնտեղ, իմ տնօրենը, լսելով ձեռքբերումներիս մասին, ասաց՝ «Տիմոֆե՞յը, անհնար է նման բան»:

5. Հիմար թեստերը

Թեստերը, որոնք տալիս են դպրոցում հիմար են, որովհետև այնտեղ չկա քո պատասխանի տարբերակը: Աշակերտը փորձում է գուշակել ճիշտ պատասխանը, որպեսզի բարձր գնահատական ստանա, բայց չէ որ բոլորը կարող են ունենալ նույն հարցի մասին տարբեր կարծիքներ: Ես կարծում եմ, որ մեզնից շատերը հետագայում չեն հիշելու բոլոր երկրների մայրաքաղաքների անունները, թվականները: Եթե մարդը հետաքրքրված է ինչ-որ բանով, նա դրա մասին կարող է ավելի շատ բան սովորել, քան դպրոցի 10 տարվա ընթացքում:

6. Տնային աշխատանքների ծավալը

Ես կարդացել եմ, որ որևէ ապացույց չկա, որ տնային աշխատանքը ազդում է աշակերտի լավ սովորելու կամ կրթված լինելու վրա: Մի անգամ ինձ անգլերենից այնքան շատ տնային աշխատանք էին հանձնարարել, որ մի քանի ժամ նստած մնալուց հետո, չէի կարողանում շարժվել: Ես հայտնվեցի վնասվածքաբանության կենտրոնում և ստիպված մի քանի շաբաթ անցկացրի վզի համար նախատեսված ամրակի ընկերակցությամբ:

7. Արգելանք եզակի լինելու մեջ

Դպրոցում այդքան էլ չեն սիրում, երբ մեկը տարբերվում է մյուսներից: Սա ուսուցչից փոխանցվում է երեխաներին և նրանց հետ մնում է ամբողջ կյանքի ընթացքում:

8. Դպրոցը չի սովորեցնում երջանիկ լինել

Ես կարդացել եմ, որ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնին մայրը սովորեցրել էր, որ կյանքում կարևորը երջանիկ լինելն է: Երբ նա դպրոց էր գնացել ու հարցրել էին, թե ինչ է ուզում դառնալ, նա ասել էր՝ երջանիկ: Նրան պատասխանել էին, որ չի հասկացել առաջադրանը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ դպրոցի և երջանկության մասին:

9. Դպրոցը չի սովորեցնում աշխատել տեղեկատվության հետ

Օրինակ՝ ես YouTube ալիք եմ նայում, որտեղ ուսուցիչը մանրամասն ու շատ հետաքրքիր ֆիզիկա է բացատրում: Նույն բանի մասին կարդալը քեզնից խլում է շատ ժամանակ և վերջում դու այնքան էլ չես հասկանում՝ որը, ինչից հետո է:

10. Դպրոցը չի պատրաստում հասուն կյանքին

Դպրոցը իրենով նախապատրաստություն է հասուն կյանքին, բայց այստեղ չեն սովորեցնում ինչպես մեծացնել բյուջեն, խնայել, ինչպես գումար աշխատել և այլն: Ես կարծում եմ՝ դպրոցում կարևոր առարկան պիտի լինի այն, թե ինչպես կարող ենք հասկանալ իրար: Չէ՞ որ, շփվել իմանալը կարևոր պայման է:

Ցուցադրել ավելի
Back to top button