Սյունիքի մարզի Կապան քաղաքն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականին Կապանում կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր` դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպությունները:
2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքները: Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման միջոցով` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի խոսքով` կարճ քվեարկությամբ ամենաշատ ձայներն ստացել էր Հրազդան քաղաքը, երկրորդ տեղում Կապանն էր:
«Քվեարկության արդյունքները համադրելով փորձագետների կողմից տրված գնահատականների հետ որոշվեց 2020 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչել Կապանը: Սա նշանակում է, որ Կապանը լինելու է երիտասարդական միջոցառումների կենտրոնը, այնտեղ իրականացվելու են երիտասարդական բազմաթիվ ծրագրեր»,- ասաց Լոռեցյանը: