Հայաստանում 2019-ի երրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 12,48%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,5%, իսկ Ադրբեջանում՝ 12,16%։
Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի 8,73%-ը, իսկ Ադրբեջանում՝ 8,39%-ն այն դեպքում, երբ առաջին եռամսյակում նման գրոհների այդ երկրներում ենթարկվել է օգտատերերի 8,2-ական տոկոսը։ Վրաստանում էլ ֆիշերները գրոհել են օգտատերերի 13,87%-ին՝ առաջին եռամսյակի 14,76%-ի փոխարեն. այդ ժամանակ այդ ցուցանիշով Վրաստանը զբաղեցրել է 10-րդ տեղն աշխարհում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը 2019-ի երրորդ եռամսյակում կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու 105 220 094 փորձ։ Գրոհի ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է 11,28%։ Իսկ 2019-ի երկրորդ եռամսյակում համակարգը կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու գրեթե 130 միլիոն փորձ, ինչը 18 միլիոնով ավելին է, քան առաջին եռամսյակում։
Փորձագետները նշում են, որ հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը ֆիշինգային ինտերնետ-կայքեր այցելությունը կանխելու գործուն պաշտպանական միջոց է։ Սակայն օգտատերերը նաև չպետք է կորցնեն զգոնությունը՝ արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Չէ որ կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։