Կաթոլիկ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին:
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն, անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել:
Բանն այն է, ինչպես Qahana.am-ն է գրում, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոն: Հետագայում Հունաստանում, Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության` Մկրտության օր:
Երբ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին անցավ նոր տոմարի, օրացույցը տեղաշարժեց տասներեք օր առաջ, ուստի դեկտեմբերի 25-ը և հունվարի 6-ը սկսեց տոնել նոր տոմարով, այսինքն՝ տասներեք օր շուտ։ Իսկ հույները շարունակում էին օգտագործել հին տոմարական օրացույցը, ուստի Բյուզանդական և Ռուս Ուղղափառ եկեղեցիներում Սուրբ Ծննդյան տոնը դեկտեմբերի 25-ի փոխարեն նշում էին հունվարի 7-ին, իսկ մկրտության տոնը հունվարի 6-ի փոխարեն նշում էին հունվարի 19-ին (այսինքն՝ տասներեք օր ուշացումով)։
Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, թեև Եվրոպայի հետ միասին անցավ նոր տոմարի, սակայն, հնագույն առաքելական ավանդությանը հավատարիմ՝ Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները տոնում է հունվարի 6-ին: