Լուրեր

Ուժեղացված ծառայություն՝ Ամանորի տոներին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Փրկարար ծառայության ողջ անձնակազմին տարվա ընթացքում կատարված տքնաջան և նվիրված աշխատաքի համար` շեշտելով, որ տարին հագեցած էր արտակարգ պատահարներով և հրդեհներով:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է փրկարարների գալիք Ամանորը` ցանկանալով առողջություն, խաղաղություն և իհարկե քիչ արտակարգ դեպքեր և պատահարներ:

Նախարարը նշել է, որ Լոռու և Տավուշի մարզերում վերջին օրերին բարդ իրավիճակ էր ստեղծվել հրդեհների ակտիվության հետ կապված, և փառք ու պատիվ այն փրկարարներին, ովքեր կարողացան իրավիճակը կայունացնել և կանխել հրդեհների տարածումը:

Նախարարը հանձնարարել է տոնական օրերին իրականացվող հերթապահությունը կազմակերպել բարձր մակարդակով:

Այնուհետև Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը տնօրենին զեկուցել է, որ այս պահի դրությամբ Երևան քաղաքի այն ժամանցային վայրերում, որտեղ մարդկային մեծ կուտակումներ են լինում իրականացվում են հակահրդեհային անվտանգության միջոցների վերաբերյալ ուսումնասիրություններ, և այդպիսի 68 օբյեկտներից 57-ում արդեն իսկ ստուգումներն ավարտվել են:

Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը զեկուցել է, որ տոնական օրերին` դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը, Հանրապետության հրապարակում իրականացվում է հերթապահություն:

Դեկտեմբերի 21-ին և 31-ին հրապարակում հերթապահում է 4 մարտական հաշվարկ, իսկ մնացած օրերին` 1 մարտական հաշվարկ:

Անդրադառնալով տոնական օրերի ընթացքում ուժեղացված ծառայությանը` Փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ հնարավոր են անակնկալ ստուգումներ` ծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button