1. Իոսիֆ (Հովսեփ) Փարաջանովը՝ Սերգեյի հայրը, նախահեղափոխական Թբիլիսիում համարվում էր ամենահարուստ մարդկանցից մեկը։ Հարցտացել էր հնավաճառությամբ, բաց ուներ նաև հասարակաց տուն, որը կոչվում էր «Ընտանեկան անկյուն»։ Հասարակաց տան համար աղջիկներ էին բերում Փարիզից, և Իոսիֆի կինը՝ Սիրանը, անձամբ էր զբաղվում նրանց ընտրությամբ։
2. Երբ Սերգեյը 6 տարեկան էր, հայրը ձերբակալվեց։ Հեղափոխությունից հետո Փարաջանովների ունեցվածքը բռնագրավեցին, իսկ նրա հոր բիզնեսը համարեցին հանցավոր։ Ավագ Փարաջանովը այդպես էլ չհրաժարվեց հնավաճառությունից, որի պատճառով էլ հաճախ էր ազատազրկվում:
3. Սերգեյ Փարաջանովը դպրոցում սիրել ու լավ է սովորել բնագիտությունը և նկարչությունը: Այս առարկաներից ունեցել է կայուն «5»֊եր։ Մյուս առարկաները թեև սիրելի չէին, բայց որոշում է ընդունվել երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, որտեղ սովորում է ընդամենը մեկ տարի։ Իոսիֆ Փարաջանովը որդուն այդպես էլ չներեց այն, որ նա հրաարվել էր ընտանեկան ավանդույթից՝ հնավաճառի մասնագիտությունից։ Ինստիտուտը թողնելուց հետո Փարաջանովը երկու տարի սովորում է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետում և պարարվեստի ուսումնարանում։ Հասկանալով, որ մշակույթի կենտրոնը Մոսկվան է՝ նա տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա, իսկ հետո ընդունվում է մոսկովյան կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։
4. Կինոինստիտուտում նա ծանոթանում է իր առաջին սիրո՝ ապագա կնոջ հետ։ Գեղեցկուհի Նիգյարն ազգությամբ թաթար էր։ Փարաջանովը նրան պատահաբար տեսնում է հանրախանութում և առաջին հայացքից սիրահարվում։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Աղջկա ազգականները, իմանալով ամուսնության մասին, Փարաջանովից մեծ փրկագին են պահանջում՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Նա չէր կարող վճարել այդ գումարը, և աղջկա եղբայրները որոշում են, որ վերջինս պիտի լքի աղքատ ամուսնուն։ Աղջիկը հրաժարվում է դիմել այդ քայլին, և տեղի է ունենում ողբերգություն․ Նիգյարի եղբայրները նրան նետում են գնացքի տակ։ 1955թ֊ին Սերգեյ Փարաջանովը, ով չէր կարողանում համակերպվել կորստի հետ, Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմն՝ ի հիշատակ կնոջ։
5. Տեղափոխվելով Կիև՝ Փարաջանովը ծանոթանում է շիկահեր գեղեցկուհի Սվետլանա Շչերբատյուկի հետ, ով դառնում է նրա երկրորդ կինը։ Փարաջանովը անսահման սիրում էր այդ ամուսնությունից ծնված իր որդուն՝ Սուրենին։ Այդուհանդերձ, նրանց երջանկությունը երկարատև չեղավ, որովհետև Սվետլանան չէր կարողանում համակերպվել ամուսնու տարօրինակ ապրելակերպի հետ։ Վերցնելով որդուն՝ Սվետլանան հեռանում է՝ պահպանելով ջերմ ընկերական հարաբերությունները։