Լուրեր

Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ստացավ նաև ոստիկանությունը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը: Այն նախատեսում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը: Օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյան են:

Առաջարկվում է ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացում՝ սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր:

Ըստ հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը:

Օրենքի նախագիծն ընդունվել է 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Ցուցադրել ավելի
Back to top button