Լուրեր

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Ժամանակակից հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, իսկ 1947թ.-ին ընտանիքի հետ հայրենադարձել է:

1960թ.-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1965թ.-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1967թ.-ին՝ ասպիրանտուրան: Երկար տարիներ դասավանդել է նույն կոնսերվատորիայում, իսկ 1992-95թթ.-ին եղել է Կոնսերվատորիայի ռեկտորը:

Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Մանսուրյանական երաժշտությունը ներկայացված է ժամանակակից երաժշտական լեզվով և աչքի է ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով: 

Մանսուրյանի ստեղծագործական ներկապնակը բազմերանգ է՝ գրել է սիմֆոնիկ երկեր, կոնցերտներ, Կրկնակի կոնցերտ, շարքեր, սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք և այլն: 

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններն են հնչում հայկական մի շարք ֆիլմերում՝ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Կորիոլան», «Մեր մանկության տանգոն», , «Ճերմակ անուրջներ»: 

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006թ.):

Ցուցադրել ավելի
Back to top button