2019-ի աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ, լիվերպուլցի հարձակվող Սադիո Մանեն ծնվել է 1992 թվականին Սենեգալի հարավում գտնվող Բամբալի գյուղում։
Ասել, որ Սադիոյի մանկությունը անցել է աղքատության մեջ, նշանակում է չասել ոչինչ։ Երկար ժամանակ նա սիրելի սպորտաձևով զբաղվելու հնարավորություն չի ունեցել, քանի որ ֆինանսական միջոցները չեն բավականացրել։ Բացի այդ, ծնողներն էլ երբեք չեն խրախուսել նրան զբաղվել ֆուտբոլով, քանի որ իրենց տղայի համար երազել են այլ ապագա՝ բարձրագույն կրթություն և լավ աշխատանք Դակարում։
Բայց Սադիոն չէր համակերպվում նախանշված ճակատագրի հետ և շարունակում էր հիանալ իր սիրելի կուռքի՝ Ռոնալդինիոյի խաղով։ Լիվերպուլցին անգամ տանից փախել է Դակար՝ սիրելի սպորտաձևին ավելի մոտ լինելու ու վերջապես հարկ եղածի պես ֆուտբոլով զբաղվելու համար։ Ծնողները նրան հետ բերեցին տուն, բայց չկարողացան ստիպել մոռանալ ֆուտբոլը։
Տեսնելով, որ Սադիոյի հետ ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվում՝ ծնողները հանձնվում են և տղային ուղարկում Դակար՝ «Ջեներեյշըն Ֆուտ» ակադեմիայում սովորելու։ Ակադեմիան երիտասարդ ֆուտբոլիստն ավարտեց գերազանցությամբ։
Իր կյանքի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Սադիո Մանեն կնքեց 2011-ին՝ ֆրանսիական «Մեց» ակումբի հետ։ Հետո նա պայմանագիր կնքեց ավստրիական «Զալցբուրգի» հետ ու այս թիմի կազմում 27 խաղում հեղինակեց 19 գոլ։ «Զալցբուրգն» արդեն ի վիճակի չէր դիմանալ սենելգալցու ուժին ու տաղանդին և կնքվեց Սադիոյի հաջորդ պրոֆեսիոնալ պայմանագիրը այս անգամ անգլիական «Սաութհեմթոնի» հետ։ Այսպես նա հայտնվեց Անգլիայի «Պրեմիեր Լիգայում»։ Այստեղ անցկացրած պարապմունքների արդյունքում նա կատարելագործեց իր գլխավոր առանձնահատկությունը՝ արագությունը։ Ներկայումս նա աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստն է՝ 1 ժամում կարող է զարգացնել 35 կմ/ժ արագություն։
2015-ը ֆուտվոլիստի համար պատմական տարեթիվ է, հենց այս տարում նա իրագործեց պատմության մեջ ամենաարագ «հեթ-թրիքը»։ Նրան անհրաժեշտ եղավ ընդամենը 2 րոպե 56 վայրկյան գնդակը 3 անգամ դարպասն ուղարկելու համար։
2016-ին անգլիական «Լիվերպուլը» գնեց Սադիո Մանեին 37 միլիոն ֆունտ սթերլինգով։ Այսպես նա հայտնվեց «Չեմպիոնների լիգայում»։
Բացի լավ ֆուտբոլիստ լինելուց, Սադիոն նաև մարդկային լավ որակներ ունի, այսպես են ասում խաղընկերները և նրան ճանաչողները։ Վերջերս համացանցում լուսանկար էր տարածվել՝ պապարացիները նկարել էին Սադիոյի կոտրված հեռախոսը։ Լուսանկարը, տարբեր մեկնաբանություններով, մեծ արագությամբ տարածվել էր համացանցում։ Ֆուտբոլիստի պատասխանը երկար սպասել չտվեց․
«Ինձ պետք չէ 10 Ֆերարի, ադամանդե ժամացույց, անձնական ինքնաթիռ, ես շատ բան եմ տեսել՝ ոտաբոբիկ ֆուտբոլ էի խաղում, չունեի կրթություն, իսկ այժմ կարող եմ օգնել կարիքավորներին։ Դպրոցներ եմ կառուցել, կառուցել եմ մեկ մարզադաշտ, շատ մարդկանց համար հագուստներ եմ գնում, ես օգնում եմ իմ ժողովրդին Սենեգալում։
Ի դեպ, գիտե՞ք որ 50 տարի հետո Ֆերարիից ու ինքնաթիռից կմնա միայն մի կույտ մետաղական ջարդոն, 30 տարի հետո ադամանդե ժամացույցը անիմաստ կդառնա, և վերջապես 100 տարի անց մենք այլևս չենք լինի։
Հիսուսն ասել է` «Այս երկրի վրա գանձեր մի հավաքեք, որտեղ ժանգն ու ցեցը կփչացնեն այն, կամ գողերը կգողանան, այլ գանձեր կուտակեք դրախտում, որտեղ ո՛չ ժանգ կա, ո՛չ ցեց, և ո՛չ էլ՝ գող»
Ձեր վատնած գումարները հենց այնպես գնում են ձեզանից, իսկ կուտակածը ուղակի անիմաստ է, բայց այն գումարը, որը դուք տալիս եք ուրիշներին, սկսում է աշխատել ձեր իսկ օգտին, այսպես են գանձեր կուտակում դրախտում»։