Լուրեր

«Խաղալիքների պատմությունը»` իրական խաղալիքներով(տեսանյութ)

«Խաղալիքների պատմությունը» եռաչափ մոդելավորմամբ համակարգչային առաջին լիամետրաժ ֆիլմն է․ այն ստեղծվել է Պիքսար ստուդիայի և Ուոլթ Դիսնեյ ընկերության համատեղ ուժերով։ Սա նաև առաջին մուլտֆիլմն է, որը առաջադրվել է Օսկարի լավագույն սցենարի համար։ Ամերիկյան կինոինստիտուտն այն ներառել է ամերիկյան կինոյի լավագույն ստեղծագործությունների 100–յակում։ Մուլտֆիլմն առաջին անգամ մեծ էկրանին ցուցադրվել է 1995թ նոյեմբերին և դարձել այդ տարվա ամենաշահութաբեր ֆիլմը։

Ֆիլմի գլխավոր հերոսները խաղալիքներն են, որոնք ապրում են իրենց տիրոջ՝ Էնդի Դևիսի սենյակում։ Ամեն տարի Էնդիի ծննդյան օրվա առթիվ նրան նվիրում են նոր խաղալիքներ, և դա սարսափելի օր է լինում Էնդիի հին խաղալիքների համար։ Դե, շարունակությունը չեմ պատմի․ եթե տեսել եք ֆիլմը, գիտեք՝ ի՛նչ է լինում հետո, եթե չեք տեսել, այսքանն էլ բավական է դրանով հետաքրքրվելու համար։ Ասեմ միայն, որ ֆիլմն այնքան սիրվեց ժամանակին, խաղալիքների պատմությունն այնքան հետաքրքրեց հանդիսատեսին, որ հետագայում ևս երեք ֆիլմ նկարահանվեց Էնդիի խաղալիքների ճակատագրի մասին։

Եվ ահա, Մաք Գրյու եղբայրները, որոնք նույնպես սիրում են խաղալիքների աշխարհը, որոշել են, որ կարող են վերանկարահանել  ֆիլմի «Խաղալիքների պատմություն․ մեծ փախուստ» մասը ճշգրտությամբ, բայց՝ իսկական խաղալիքներով։

Դրա համար նախ պետք էր, իհարկե, հավաքել ֆիլմի բոլոր հերոսներին, այսինքն՝ բոլոր խաղալիքները, որ կան այնտեղ, պետք էր օգտագործել նկարահանման տարբեր տեխնիկաներ, եղբայրները որոշել էին նաև, որ նույնն է լինելու երաժշտությունը, լուսավորությունը, հերոսների հանդերձանքը․․․Մի խոսքով՝ ոչ շատ դյուրին խնդիր, որն իրագործելիս նրանց ոչ ոք չի օգնել։ Ահա թե ինչու Մորգանի և Մեյսոնի նախաձեռնությունը կյանքի կոչվեց․․․8 տարվա աշխատանքից հետո միայն։ Լավ բանաձև է՝ համառություն+ջանք հավասար է իրականացված երազանքի։

Ցուցադրել ավելի
Back to top button