Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 30–ին համաշխարհային կինովարձույթ մտավ սպասված մի ֆիլմ՝ Օզ Պերկինսի «Գրետել և Հենզել» ֆիլմը։ Եթե կարծում եք, որ ես համառորեն շփոթում եմ հերոսների անունների հերթականությունը, սխալվում եք․ գիտեմ, որ Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթը կոչվում է «Հենզելն ու Գրետելը» և որ հեքիաթում եղբայրն է առավել նախաձեռնողն ու քրոջը սիրտ տվողը։ Ֆիլմի հեղինակներն այսպես՝ հերոսների անունների տեղափոխությամբ կարծես ընդգծում են, որ գլխավոր հերոսուհին քույրն է․ նա ավելի մեծ է, քան եղբայրը, շատ լավ է գիտակցում, թե ինչ վտանգներ են իրենց սպառնում և ամեն ինչ անում է եղբորը պաշտպանելու համար։
Բայց սա ամբողջը չէ․ Գրետելը նաև գերբնական ունակություններ ունի, որոնց մասին ինքն էլ չգիտի։
Մի խոսքով՝ սա հեքիաթի պարզ էկրանավորումը չէ, այլ՝ անսովոր մեկնաբանությունը։
Հենց առաջին կադրերից ֆիլմը գերում է խորհրդավոր մթնոլորտով․ դրան շատ նպաստել են նաև իռլանդական եղյամապատ անտառները, որտեղ իրականացվել են նկարահանումները։ Գլխավոր դերերում ծագող աստղ Սոֆի Լիլիսը և Սեմի Լիկին են։
Կարծում եմ՝ ֆիլմը դիտել, հաստատ արժե։