Այսօր ներկայացնելու ենք մի խաղ, որը թեև վաճառքում դեռ չկա, բայց խոստանում է Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհի գեյմերներին։Իսկ նրանց թիվն աշխարհում քիչ չէ։
Ալբերտ Հովակիմյանը ծնվել է Երևանում և իր մանկությունն այսպես է հիշում՝ համակարգչի առաջ՝ խաղ խաղալիս: Անգամ սեփական համակարգիչն էր իր ձեռքով հավաքել: Խաղեր խաղալով էլ երազում էր մի օր ստեղծել իր սեփական խաղը:
Դպրոցից հետո Ալբերտն ընտրեց ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ծրագրավորողի մասնագիտությունն ավելի լավ ուսումնասիրելու համար։
Առաջին կուրսում հասկացավ՝ որ միայն դասախոսություն լսելը քիչ է և փորձեց սովորածը կիրառել գործնականում: Այսպես հայտնվեց հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացած մի ընկերությունում՝ որպես տեխնիկական օպերատոր:
Իրականում խաղը ստացել է Վերջին ծուռը անունը, բայց, էպոսում Սասունից վերջին ծուռը, եթե հիշում եք Դավիթը չէր: Հեղինակներն ունեն իրենց մեկնաբանությունը:
«Հայկական թեման ինչու պետք է հետաքրքրի Ամերիկայում նստած Ջոնին: Մենք որոշեցինք, որ խաղը պետք է ստեղծել խաղային ինդուստրիայի ստանդարտներով, այսինքն՝ որոշեցինք միավորել ժանրերը և ստեղծել նոր հետաքրքիր խաղ ու չվաճառել այն որպես՝ Սասունցի Դավիթ, այլ վաճառել որպես՝ եզակի ժանրի խաղ»:
Ալբերտը նշում է, որ սա Սասունցի Դավիթ էպոսի իրենց մեկնաբանությունն է, այդ պատճառով էլ այն մի փոքր տարբեր է էպոսից: Իսկ սցենարը գրելիս թիմի բոլոր անդամները կարդացել են էպոսը: Վերջին ծուռն ունենալու է հստակ սյուժե: Սցենարը մշակել են ամենայն մանրամասնությամբ՝ գեյմերներին չձանձրացնելու համար:
«Սկսվում է նրանից, որ հերոսը արթնանում է ապագայում ու բան չի հիշում ու արթնանում է տաօրինակ տեղ, որտեղ հասկանում է, որ իր հետ կապված է, իր հետ ուսումնասիրություններ էին անում»:
Հետո ամեն ինչ մեզ ծանոթ «կռիվ-կռիվ» տարբերակով է: Հենց սկզբից թշնամիները հարձակվում են հերոսի վրա ու չեն թողնում նրան դուրս գալ այդ տարածքից:
Հետո արդեն խաղի ընթացքում հերոսը կամաց-կամաց վերհիշում է իր անցյալը: Այստեղ հերոսները ստույգ ընդգծված ազգային կերպար չեն ունենալու: