Միջնադարյան Հայաստանի գրչության կենտրոնը՝ Կեչառիս
ՀՀ Կոտայքի մարզում՝ Ծաղկունյաց լեռների անտառապատ փեշերին է գտնվում Հայաստանի փոքրիկ, բայց ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Ծաղկաձորը, որը հնում կոչվել է Ծաղկոցաձոր, ենթադրաբար՝ Ծաղկունյաց լեռների անվանումից: Այստեղ հայտնաբերված նյութական մնացորդները վկայում են, որ Ծաղկաձորը, որպես բնակատեղի, գոյություն է ունեցել Ք. ա. III հազ. կեսից: Անունն արդեն իսկ հուշում է, որ այն հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր: Ծաղկոցաձորը Արշակունի արքաների սիրելի որսատեղիներից է եղել:
VI-VII դդ. գավառը պատկանել է Կամսարականների նախարարական տանը, իսկ X դ.-ից՝ անցել Պահլավունիներին:
Այս գեղատեսիլ վայրի ու նրա անվան համար ժողովուրդը սիրուն մի զրույց է հորինել:
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեցնեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի օր կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանականները գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում, բայց փոխարենը ծնվում է հայկական ճարտարապետության անգին նմուշներից մեկը՝ Կեչառիսը:
Կեչառիս վանական համալիրը, որը միջնադարյան Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ-ում: Այստեղ ապրել ու ստեղծագործել են քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

Կեչառիս վանական համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից: Գլխավոր եկեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը կառուցել է Գրիգոր Մագիստրոսը` 1033թ-ին: Քիչ հարավ գտնվող Սբ. Նշան եկեղեցին գլխավոր եկեղեցուց բաժանվում է մի քանի խաչքարերով, իսկ հարավային մասում գտնվում է Կաթողիկե եկեղեցին, որը եկեղեցիներից ամենաշքեղն է: Համալիրի չորրորդ եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, գտնվում է այս երեք եկեղեցիներից 120 մ հեռավորության վրա:
Համալիրի կարևոր կառույցներից է նաև Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները:
Բացի Կեչառիսից Ծաղկաձոր քաղաքն ունի նաև պատմամշակութային նշանակության մեկ այլ տեսարժան վայր. դա Օրբելի եղբայների տուն-թանգարանն է: Այն բացվել է 1982 թվականի հուլիսի 6-ին՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
Թանգարանն ունի հարուստ հավաքածու՝ գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, նշանավոր եղբայրների անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ:

Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որը հարուստ է հայերեն հին հրատարակություններով, ինչպես նաև՝ օտարալեզու գրքերով, որոնցից շատերը արժեքավոր են հենց միայն այն բանի համար, որ իրենց էջերին Օրբելիների կողմից արված նշումներ են կրում:
Լուսանկարների հարուստ ֆոնդը պատմում է է Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են:
Թանգարանի հարանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների հուշաքանդակը: