Փողոցում կամ բակում հաճախ հանդիպում ենք թափառող շների ու կատուների, ովքեր որսում են մեր հայացքը՝ կեր կամ մի փոքր քնքնշություն ստանալու ակնկալիքով: Նրանք զգում են՝ ում վստահել և ումից խուսափել:
Կենդանիների հոգեբան և վարժեցնող Ալբերտ Ներսիսյանի զրույցը մեզ հետ հենց այս մասին է:
-Ինչպիսի՞ն պիտի լինի մեր վերաբերմունքը թափառող շների ու կատուների նկատմամբ:
-Նայած՝ ինչ աչքերով ու ընկալումով եք նայում կենդանիներին: Կախված է ձեր պատկերացումներից կյանքի մասին, ձեր ձգտումներից, մանկությունից: Երեխան, երբ փոքրուց տեսնում է, որ իր ծնողները լավ են վերաբերվում կենդանիներին, երբ նայում է փոքրիկ ձագուկին կամ թռչունին, փոքրում կարող է զարգանալ մարդկային վերաբերմունքը: Ինչպես կարող է փոքր երեխան, որը կենդանի է սիրում, շոյում ու հիանում նրանով, համոզված եմ, որ կլինի շատ լավ մարդ: Փողոցի կենդանիները կենդանի սանիտարներ են և հավատացնում եմ ձեզ, եթե նույնիսկ սխալ որոշումներով հասնեն նրան, որ կենդանի չլինի Երևանում, ասեմ՝ ինչ տեղի կունենա:
Նախ շատ արագությամբ կսկսեն բազմանալ առնետները, որոնց կանգնեցնելը շատ դժվար է, իսկ շներն ու կատուները նրանց հացը կտրողներն են: Առնետը խեղճ կենդանի չէ, նրանք նույնիսկ կոլեկտիվ կենդանիներ են և միմյանց հետ փոխհարաբերվում են: Կան շներ, որոնք առնետներին սատկացնում են, կատուները միշտ չէ, որ կարողանում են այդ խնդիրը լուծել: Այստեղ էլ այս խնդիրը կա՝ կատուներին շատ են կերակրում և նրանք ստիպված չեն որսալ, բայց առնետի հետ կռվելը շատ բարդ է ու չեմ կարծում, որ ամեն կատու կկարողանա այդ հարցը լուծել: