Հայկական էսքիզներ

Վիշապներ՝ ջրի պահապան ոգիներ

Վիշապներ տեսե՞լ եք․․․Չէ՛, ոչ մուլտֆիլմում կամ կինոյում, այլ՝ իրականում։ Իհարկե, սա կատակ չէ և նույնիսկ վստահ կարելի է ասել, որ Հայաստանով մեկ կատարած ձեր տարբեր ուղևորությունների ժամանակ վիշապներ տեսե՛լ եք, պարզապես՝ չեք իմացել դրանց անունը։

Հայաստանի տարբեր վայրերում՝ հատկապես Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, կարելի է տեսնել 1․5–ից 5․5 մ երկարություն ունեցող ձկնանման քարակերտ կոթողներ, որոնք ժողովուրդն անվանում է վիշապներ։ Դրանց մի մասը կանգնած է ուղղահայաց դիրքով, մյուսները  պառկած են գետնին, բայց այն, որ գետնատարած ձկնանման հսկաները հղկված ու մշակված են բոլոր կողմերից, բայց պոչ չունեն, ինչպես և չունեն կանգնած վիշապաքարերը, վկայում է այն մասին, որ դրանք էլ, ի սկզբանե, ուղղահայաց դիրք են ունեցել,  և միայն ժամանակի ընթացքում են տապալվել։

Վիշապները միայն Հայկական լեռնաշխարհին հատուկ մեգալիթյան հուշարձաններ են, որոնք խորհրդանշել են ջրային տարերքի անսանձ ուժը, նախապես պաշտվել իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։

Եվ պատահական չէ, որ վիշապաքարերը տեղադրվել են հենց բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ։

 Այսօր հայտնի է վիշապների մոտ 150 նմուշ, որոնցից 90-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։

Վերջին ուսումնասիրությունների համաձայն ամենահին վիշապաքարը ավելի քան 4 հազար տարեկան է, ամենամեծ վիշապաքարը՝ 5մ 60սմ բարձրություն ունի ։

Քարակերտ վիշապները մեզ, իհարկե, այսօր ամենևին չեն սարսափեցնում․ դրանք պարզապես մեր մշակույթի մաս կազմող հուշարձաններ են, մեր նախնիների՝ աշխարհի մասին ունեցած պատկերացման վկայություններ։ Բայց առասպելական այս կերպարները ստեղծող մեր նախնիների համար դրանք, իսկապես էլ, հզոր արարածներ են եղել․ փոթորիկները համարվել են նրանց զայրույթի նշան, մթագնած երկինքը՝ նրանց՝ արևին կուլ տալու դրսևորում, իսկ Վանա և Սևանա լճերը վիշապների բնակավայր են համարվել ։  Պատահական չէ, որ Հայաստանում վիշապ բառով կազմված շատ տեղանուններ կան՝ Վանա լճի մոտ Վիշապ քաղաք է եղել, Վիշապաձոր անունով տեղանք: Այսօր էլ Գեղամա լեռներում  Վիշապասար անունով գագաթ կա, Աժդահակ և Վիշապասար գագաթների միջև ծփում է չքնաղ լեռնային մի լճակ՝  Վիշապալիճը, իսկ հենց դեպի Վիշապալիճ տանող ճանապարհին երկու հսկա վիշապաքար կա․ 2–ն էլ  Ք.Ա. 2-3 հազարամյակի պատմություն ունեն: Դրանց վրա արագիլներ են քանդակված…

Ինչպես ասացինք արդեն, մեր նախնիների պատկերացման համաձայն վիշապները ջրային տարերքի խորհրդանիշն են եղել, ջրի պահապան ոգիները, հետո աստիճանաբար այդ պատկերացումը փոխվել է, ու վիշապներին սկսել են ներկայացնել որպես հրեշների, որոնք փակում են ջրերի ակունքները։ Հիշում եք, երևի, թե հայկական ժողովրդական հեքիաթներում որքա~ն շատ կան այդպիսի պատմություններ․ վիշապը փակում է ջրի ակը, մարդկանց մի քիչ ջուր տալու համար պահանջում է, որ իր մոտ բերեն աղջիկների, որպեսզի ինքը կուլ տա նրանց և, հենց հերթը հասնում է թագավորի աղջկան կուլ տալուն, հայտնվում է հերոսը, սպանում նրան, ազատագրում աղջկան և բացում ջրերի ակունքը մարդկանց համար։

Եթե հենց այս պահին հիշեցիք նաև հայոց հեթանոսական դիցարանի գլխավոր աստծուն՝Վահագն Վիշապաքաղին, ճիշտ արեցիք․ ըստ առասպելաբանության,Վահագնը մարտնչում էր խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։

Վիշապ–քարակոթողների առաջին ուսումնասիրողը եղել է հայ գրող Ատրպետը։ Նա իր հետազոտություններն սկսել է 1880-ական թվականներին, բայց նրա աշխատությունները հրատարակվել են 1926 թվականին։ Հետագայում վիշապաքարերի ուսումնասիորությամբ զբաղվել են նաև այլ գիտնականներ։

Ընդհանրապես, չնայած ժողովրդական պատկերացումներում իր ոչ միանշանակ ընկալմանը, վիշապի կերպարն իր արտացոլումն է գտել հայոց մշակույթի տարբեր ոլորտներում՝ բանահյուսության,  գրականության մեջ, կիրառական արվեստում՝ ոսկերչության, խեցեգործության, հյուսքի և, իհարկե, գորգագործության մեջ՝ հայտնի հայկական վիշապագորգերի վրա։ Բայց վիշապագորգերը առանձին զրույցի թեմա են, և դրանց մասին խոսելու ենք մեկ այլ հանդիպման ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button