Դասերը չվերսկսելու պատճառ չկա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հետևել ենք համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացման դիմումների թիվը նվազում է, և ընդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսեն։ Ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա հիվանդությունների հետ կապված, կորոնավիրուսի հետ կապված։ Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-նշել է նախարարը։
Մարտի 2-ից 8-ը նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը փակ են եղել: ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ: