Կանաչ մոլորակ

Երկիր մոլորակի օդային թաղանթը՝ մթնոլորտ

Մեզ ծանոթ են «մթնոլորտային տեղումներ», «մթնոլորտային աղտոտվածություն», «մթնոլորտային երևույթներ» արտահայտությունները: Մենք գրեթե ամեն  օր  եղանակի տեսությանը ծանոթանալիս, հանդիպում ենք այդ բառին` մթնոլորտ: Ի՞նչ է այն:

Պարզվում է՝ մեր երկիրը  պարուրված է  օդային թաղանթով: Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000–3000 կմ բարձրության։  Սա հենց մթնոլորտն է որ կա:  Այն մնում է երկրագնդի շուրջ և Տիեզերքում չի ցրվում` երկրագնդի ձգողության շնորհիվ։  

Մթնոլորտային օդը մարդու աչքի համար անտեսանելի է: Այն  մի շարք գազերի խառնուրդ է և Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը  և թթվածինը։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։ Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում են մի քանի շերտեր։ Օրինակ  Երկրի մակերևույթին ամենամոտ շերտը ներքնոլորտն է։ Բևեռային շրջաններում ներքնոլորտը տարածվում է մինչև 8– 10 կմ, իսկ հասարակածային շրջաններում՝ մինչև 18 կմ բարձրություն ունեն։

Ներքնոլորտը մարդու համար կենսականորեն ամենակարևոր շերտն է: Օդում եղած ջրային գոլորշին, սառույցի բյուրեղները, փոշու և ծխի մասնիկները մեծ մասամբ կուտակված են հենց այստեղ։ Այս շերտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, քամին։ Այստեղ են դիտվում ծիածանը և կայծակը։ Ներքնոլորտին հաջորդում է վերնոլորտը, որը հասնում է 50–55 կմ բարձրության։ Նրանում ջրային գոլորշու պարունակությունն աննշան է, և գրեթե չկան ամպեր։ Ներքնոլորտի և վերնոլորտի միջև օդային զանգվածների փոխանակության շնորհիվ վերնոլորտը նույնպես մասնակցում է եղանակի ձևավորմանը։ Վերնոլորտում՝ 25–30 կմ բարձրություններում, օզոնային շերտն է։ Մեր մոլորակի համար օզոնային շերտն ունի բացառիկ նշանակություն։ Օզոնը կլանում է Արեգակից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը, որոնք վտանգավոր են կյանքի համար։ Մթնոլորտային աղտոտման հետևանքով հենց այս շերտն է, որ սկսել է քայքայվել , վտանգելով մեր մոլորակը:

Վերնոլորտից վեր տարածվում է մթնոլորտի մեկ այլ շերտ, որն անվանում են արտաքին ոլորտ։ Այստեղ օդը շատ նոսր է և չի պարունակում ջրային գոլորշիներ։ Արտաքին ոլորտում՝ մեծ բարձրությունների վրա, օդի բաղադրությունը փոխվում է։ Երկրի մակերևույթից 1000–1300 կմ բարձր շերտերում մթնոլորտը սկսում է մասամբ ցրվել:

 Առանց մթնոլորտի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ։ Բոլոր կենդանի օրգանիզմներին օդն անհրաժեշտ է շնչելու համար։ Մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 11 հազար լիտր օդ։ Ինչպես արդեն գիտեք, մարդը և կենդանիներն օդից ստանում են թթվածին, իսկ բույսերը՝ նաև ածխաթթու գազ (CO2 ) լուսասինթեզի համար։ Մթնոլորտի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են այն ջերմային պայմանները, որոնց հարմարվել են մարդը և մյուս կենդանի օրգանիզմները։

Մթնոլորտը ցրում է Արեգակի կիզիչ ճառագայթները, և դրանք ցերեկվա ընթացքում այնքան էլ ուժեղ չեն տաքացնում Երկրի մակերևույթը։ Իսկ գիշերվա ընթացքում մթնոլորտը վերմակի նման պահում է տաքությունը՝ թույլ չտալով, որ Երկրի մակերևույթն արագ սառչի։ Մթնոլորտը Երկրի մակերևույթը պաշտպանում է երկնաքարերից։ Դրանք, մեծ արագությամբ մտնելով մթնոլորտ, նրա վերին շերտերում օդի հետ շփումից շիկանում և այրվում են՝ հազվադեպ հասնելով Երկրի մակերևույթ։

Բացի այդ` Մթնոլորտը Երկրի վրա ջրի շրջանառության անհրաժեշտ պայմաններից է։ Նրա մեջ անցած ջրային գոլորշիները   խտանում են և տեղումների ձևով նորից թափվում Երկիր։

Ցավոք, մարդու սխալ  և անփույթ գործունեության հետևանքով  Երկրի մթնոլորտն սկսել է աղտոտվել և վնասել շրջակա միջավայրը:

 Օդը կարող է աղտոտվել կենցաղում` սկսած մեր բնակարաններից մինչև գործարաններ, ձեռնարկություններ և այլն: Իսկ գիտեք, թե օդի աղտոտման ամենածանրակշիռ պատճառներից մեկը որն է? Ավտոմեքենան…մեր սովորական փոխադրամիջոցները: Դրանք  երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա` ·նախ`  Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը , և հետո` այրման թունավոր արգասիքները արտանետում  մթնոլորտ :

Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման, կամ օզոնային շերտի քայքայման  պատճառներից են: Ինչպես գիտեք քիմիայի դասընթացից` ներքին այրման շարժիչների աշխատանքը բարելավելու նպատակով բենզինի մեջ ավելացվում են կապարի օրգանական միացություններ: շրջակա միջավայր արտանետվող կապարի միացությունները թունավորում են օդը և այնտեղ կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, ստամոքսային հիվանդություններ:

Տրասնպորտային աղտոտումը նվազեցնելու միտումով աշխարհի շատ երկրներում օրենքներ և կանոններ են ստեղծվել: Դրանց թվին են պատկանում բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնելու նպատակով մեքենաներում տեղադրվող կատալիտիկ վերափոխիչների, ֆիլտրերի կիրառումը, կապար պարունակող բենզինի տեսակների փոխարինումը բենզինի այլ տեսակներով:  Բազմաթիվ պետություններում խրախուսվում են այն գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորույթները, որոնք հնարավորություն կտան նվազեցնել տրասնպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող նյութերի քանակը և վնասակար ներգործությունը: Մեր ժամանակներում արդեն կան   տրանսպորտային միջոցներ, որոնք  սկսել են   աշխատել ոչ թե դիզելային վառելիքով, այլ  արևային էներգիայով: Իսկ սա կփրկի մթնոլորտն  աղտոտվելուց :

Բացի տրանսպորտից  մթնոլորտը աղտոտում են նաև  Արդյունաբերական արտանետումներից առաջացած  թթվային օքսիդները:

 Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով, այսպես կոչված, «թթու անձրևներ», որոնք բացասական ներգործություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը: Այս ամենը դիտվել է ողջ Եվրոպայի զարգացած երկրների տարածքներում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում և այլուր: Օդի աղտոտման մեջ իրենց մեծ բաժինն ունեն անև նավթավերամշակման, քիմիական նյութեր, պլաստմասաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող, ցեմենտի, շինանյութերի և այլ գործարանները:

Պարզվում է,  օջախի վրա կերակուր պատրաստելիս էլ  կարելի է թունավորվել: Հետամնաց երկրներում, որտեղ կերակուր պատրաստելու համար  այրում են  փայտը, բերքահավաքի մնացորդները, չոր գոմաղբը, շատ ծուխ է արտադրվում: Վառելանյութի ոչ լրիվ այրումը, ծխնելույզների և ընդհանուր օդափոխության բացակայությունը հասցնում է նրան, որ երեք ժամվա ընթացքում այսպես ասած ,,խոհարարը,,  ներշնչում է քսան տուփ ծխախոտին համազոր քանակությամբ քաղցկեղ առաջացնող բենզապիրին:

Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները: Ըստ գիտնականների գնահատականների` բնական աղբյուրներից ամեն տարի անջատվում է 117 մլն. տոննա ածխաջրածին, իսկ մարդածին աղբյուրներից` 100 մլն. տոննա:


Մթնոլորտ նետվող քիմիական նյութերի թվում պարունակվում է թունավոր նյութերի բավականաչափ մեծ քանակություն: Ներկայումս վտանգավոր աղտոտող նյութերի թվին են դասվում սնդիկի գոլորշիները, վինիլքլորիդը և բենզոլը, որոնց պարունակությունը մթնոլորտում ենթակա է հատուկ վերահսկողության: Մթնոլորտի աղտոտման ևս մեկ ոչ պակաս կարևոր աղբյուր է հանդիսանում պինդ թափոնների կամ աղբի այրումը:


Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը տանում է Երկրի ջերմաստիճանի բարձրացման: CO2-ի պարունակության մեծացման դեպքում կարելի է սպասել Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացում, : Դատելով հետազոտությունների արդյունքներից` CO2-ի մոտավոր կրկնապատկում տեղի կուենա մոտ 2041 թվականին, ինչի արդյուքնում մոլորակի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Բևեռային շրջաններում ջերմաստիճանի բարձրացումը կարող է մի քանի անգամ գերազանցել սահմանված չափերը:

Մեծ քաղաքներում արդյունաբերական և ավտոմոբիլային արտանետումների արդյունքում, որոնք փոխազդում են մեկը մյուսի և այլ գազերի հետ, առաջանում են բարդ քիմիական միացություններ, առաջ է գալիս ֆոտոքիմիական սմոգ, որն ունի օզոնի բարձր խտություն: Կապված այն բանի հետ, որ օզոնային շերտի էկոլոգիական դերը գլոբալ մասշտաբով շատ մեծ է, շատ երկրներ անցել են անհապաղ գործնական քայլերի:

Գիտակցելով մթնոլորտի և շրջակա միջավայրի  դերը, մարդիկ  սկսել են  բնապահպանական մեծ  շրջադարձը: Վաղվա աշխարհն ավելի լուսավոր, գեղեցիկ ու մաքուր տեսնելու համար պետք է գործի անցնենք բոլորս, և այսօր:

Ցուցադրել ավելի
Back to top button