Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:
«Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։
Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:
Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։
Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:
Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։
Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։
Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն և պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- գրել է նա։