Կանաչ մոլորակ

Երկու եղբայրների լեգենդը՝ Արագած լեռ

Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտյան վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցել, և եղբայրները ծերացել են: Նրանք սկսել են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ հակառակ իրենց սովորության՝ մոռացել են նախ գոտիները կապել և բարևել են իրար։ Աստված տեսնելով դա՝ բարկացել է ու պատժել եղբայրներին։ Նրանք քարացել, լեռներ են դարձել, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։

Ահա այդ լեռներ դարձած եղբայրների շարքում է եղել նաև Արագածը, որ Հայաստանի ամենաբարձր, իսկ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ չորրորդ լեռն է: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո՝ հյուսիս-արևմտյանը՝ 4080մ, արևելյանը՝ 3916մ և հարավայինը՝ 3879մ:

Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի հետ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի հետքեր. քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ:

Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն):

Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Լեռան հարավային լանջին՝ 1800– 2300 մ բարձրության վրա, պահպանվել է մի փոքրիկ անտառ, որտեղ աճող հիմնական ծառն արևելյան կաղնին է: Իսկ Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը և թռչունները, որոնք շա՜տ են, շատ-շա՜տ:

Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն։ Նրա գագաթներին մշտական ձյուն է նստած (հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ կմ է), իսկ փեշերին՝ տարվա բոլոր եղանակները` իրենց նրբերանգներով:

Արագածի լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։

 Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասախ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Լեռան աղբյուրների ջրով է սնվում նաև Արարատյան դաշտում գտնվող Մեծամոր լիճը:

Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝:

Արագածը 4 գագաթ ունի, կամ քառագագաթ է:  Նրա գագաթային մասում 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկես   կա:

Արագածի Սառցադաշտային  խառնարաններում  գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Ումրոյ և այլն: Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որը 3250 մ բարձրության վրա է ու ունի քաղցրահամ ջուր:

Ի դեպ, Արագածն էլ իր առեղծվածներն ունի: Ասում են այնտեղ խախտվում է գրավիտացիոն դաշտը…կամ լսել? Եք Արագածի գրավիտացիոն բլրի մասին:

«Գրավիտացիոն բլուրը» երևույթ է, որը խախտում է գրավիտացիայի օրենքները: Հայտնի նաև ‹‹մագնիսական լեռ››, ‹‹գրավիտացիոն ճանապարհ›› և այլ անուններով` իրականում սա տեսողական խաբկանք է, որի արդյունքում ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով մեղմաթեք լանջը վերելք է թվում:

Իրականում   «գրավիտացիոն բլուրներն» իրենցից ներկայացնում են այնպիսի լանջեր, որոնցում թվում է, թե առարկաներն իրենք իրենց` գրավիտացիոն ուժերին դեմ գնալով, բարձրանում են լանջն ի վեր: Օրինակ` եթե ջուր լցնենք բլրի մակերեսին, կարող է թվալ, թե այն շարժվում է դեպի վեր, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ, ինչպես կարելի էր ակնկալել:

«Գրավիտացիոն բլուրները» մարտահրավեր են նետում ֆիզիկայի օրենքներին; Եթե ինչ-որ մի առարկա, օրինակ` գնդակ, դրված է լանջի վրա, ապա այն ծանրության ուժի ազդեցության տակ, բնականաբար, պետք է շարժվի դեպի ներքև: Գրավիտացիոն բլուրներում տեղի է ունենում հակառակը, այսինքն` ցած ընկնելու փոխարեն` առարկան շարժվում է դեպի վեր:

Երկրագնդի վրա կան տասնյակ վայրեր, որոնք մարտահրավեր են նետում բնության օրենքներին: Այս առեղծվածային երևույթները գրավում են ոչ միայն գիտնականների, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը: Դրանցից մեկը գտնվում է Հայաստանում` Արագած լեռան հարավային լանջին, Ամբերդ միջնադարյան ամրոց տանող ճանապարհին: Այս ճանապարհի վրա մեքենայի փոխանցումը նեյտրալ դիրքում թողնելու դեպքում այն ինքն իրեն կսկսի դեպի վեր շարժվել, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելացնել արագությունը:

Բայց դա այստեղ տեղի ունեցող միակ անոմալ երևույթը չէ. լեռնային գետակը ևս  ներքևից վերև է հոսում:

Ամերիկացի հանրահայտ վլոգեր Nas Daily-ն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան` մեր երկրի մշակույթի ու մարդկանց հետ ծանոթանալու և հետաքրքրաշարժ վայրեր գտնելու, իր մեկրոպեանոց հոլովակներից մեկում պատմում է Արագածի գրավիտացիոն բլրի մասին:

«Վերևը ներքև է, ներքևը` վերև, և դա պայթեցնում է ուղեղը». տեսանյութում այսպես է խոսում վլոգերը` նշելով, որ սա եղել է իր ունեցած ամենախելահեղ արկածներից մեկը:

-Մի հետաքրքիր փաստ էլ՝ պարզվում է, որ 1912-1913 թվականներին մեծ կոմպոզիտոր Կոմիտասը բազմիցս բարձրացել է Արագած լեռան բոլոր չորս գագաթները

Այդ ժամանակ Կոմիտասն ապրում էր Բյուրականում, որտեղ գտնվում էր Գևորգ Ե Կաթողիկոսի ամառային նստավայրը։ Ու հենց այնտեղ էլ Կոմիտասն իր ընկերների հետ հետաքրքրվել է վիշապաքարերով, որոնք կարելի էր տեսնել Արագածի ստորոտին ու գագաթին։

Ընկերները հաճախ էին բարձրանում Արագածի այս կամ այն գագաթը, փնտրում, արձանագրում և ուսումնասիրում վիշապաքարերը։ Ցավոք, այս փաստի վերաբերյալ արխիվներում որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Հավանաբար այն պատճառով, որ երիտասարդ հոգևորականները զուտ ակադեմիական հետաքրքրություն են ցուցաբերել։ Թեև կարելի է ենթադրել, որ Կոմիտասը հետագայում բոլոր գրառումներն իր հետ տարել է Արևմտյան Հայաստան։

Ցուցադրել ավելի
Back to top button