Սոցցանցերում, հատկապես Facebook-ում, լրահոսը թերթելիս, հաստատ հանդիպած կլինեք այսպիսի գրառումների՝ «Խաղարկություն, գրիր ծննդյանդ օրը, գումարի քանակը և մենք այն կփոխանցենք ձեզ»։ Մեր լրահոսում դրանք հայտնվում են կամ գովազդի, կամ մեր՝ էջերում կիսված գրառումների տակ՝ որպես մեկնաբանություն։ Շատ օգտատերեր հավատում են այս գրավիչ խաղին ու մեծ արագությամբ տարածում դրանք,անգամ չկասկածելով, որ գործ ունեն սովորական համացանցային խաբերության հետ։
Այսպիսի դրսևորումները համացանցի հայկական տիրույթում նորություն չեն։ Տարիներ առաջ նման գրառումներ տարածվում էին անհատական նամակների կամ էլեկտրոնային փոստի միջոցով։ Այս ճանապարհով խաբեբաները խոշոր դրամական ժառանգություն ստանալու «բարի լուր»-ն էին հայտնում օգտատերերին։
«Սա այն է, ինչ տասնամյակներ արդեն աշխարհում կա ու բոլորը գիտեն․ որ չի կարելի հավատալ, որ դուք չեք կարող ժառանգություն ստանալ Կամերոնում , Սենեգալում, նաև Ինդենեզիայում ձեզ չի սպասվում 50 միլիոն դոլար։ Ցավոք սրտի Հայաստանում հիմա սա, չգիտեմ ինչու, բայց բուռն սկսել է աճել , կորոնավիրուսն էլ ազդել է, որովհետև մարդիկ տներում են նստած, լավ բան չէր սպասվում ,մեկ էլ՝ ըհը, միլիոնները եկան»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։
Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս օրերին տարածվող նամակներն ու գրառումներն ավելի վտանգավոր են, քանի որ հայերեն են ու շարադրված են գրագետ։ Սա օգտատիրոջ վստահությունը շահելու հարմար տարբերակ է։
«Խաբեության ձևերը շատ շատ են, մեկ-մեկ դուք շահում եք 50 միլիոն, ես 800 միլիոնի առաջարկ եմ ստացել, մեկ-մեկ էլ դա կարող է լինի պուճուրիկ սմարթֆոն, iPhone, կարևոր չի, կարևորը այն է, որ պետք է հիշեք միշտ՝ ինտերնետում փող չկա, ավելի ճիշտ շատ փող կա, բայց երբեք նվերի կամ շահումի ձևով չի լինում»։
Ինչպես Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ խաբեությունները շատ տարբեր են լինում։ Օրինակ՝ Քիմ Քարդաշյանի նկարով ու անունով էջ է բացվում, որոշ ժամանակ հետո այդ էջում հայերեն գրառում է հայտնվում՝ «Իմ անունը Քիմ է վերնագրով»։ Հետո Քիմը գրում է, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում 250 մարդ է փնտրում, որպեսզի գումար փոխանցի։ Գրառման տակ նշվում են գումարներ, որոնցից օգտատերը պետք է ընտրի այն չափը, որի կարիքն ունի։ Այս ամենից հետո, գրառումը նա պետք է տարածի 5-8 ֆեյսբուքյան խմբերում ու նաև իր էջում, ստուգի նամակների բաժինը՝ էջից ստացած նամակին պատասխանելու համար։ Կոնկրետ այս գրառման տակ կարճ ժամանակում հայտնվել էր 12 հազար մենաբանություն, իսկ տարածումների քանակը հասել էր մոտ 10 հազարի։
«Ինձ միշտ զարմացնում է, թե մարդիկ ինչո՞ւ են տարբեր թվեր գրում, նայում ես մեկը 1 է գրում, մեկը ՝ 3, այ այսպես տարօրինակ մարդիկ են մեր հայրենակիցները։ Ու սա նկարներից միայն մեկն է, այստեղ էլի Քիմն է ու էլի ուրիշ բան է առաջարկում՝ iPone կա’մ 250 հազար դոլար, կա’մ բնակարան»։
Մեր հայրենակիցներն այսպիսի գրառումների տակ հազարավոր մեկնաբանություններ են թողնում՝ հուսալով , որ գուցե, բախտի անիվը պտտվի իրենց կողմը։
Այս խաբեության մեջ միայն Քիմ Քարդաշյանի անունն ու նկարները չեն օգտագործվել։ Նույն կերպ խարդախներն օգտագործել են նաև ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի նկարն ու կեղծված հաշիվը։
Կիբեռանվտանգության փորձագետը վստահ է, որ հատկապես վերջին շրջանում տարածվող վիրուսի պատճառը մեկն է՝ շատերը տանն են, համակարգչի մոտ,իսկ դա հրաշալի հնարավորություն է խաբեբաների համար։ Նրանք համոզված են, որ միամիտներ միշտ էլ կգտնվեն։