Դարա Հոսրովշահին ծնվել է Իրանում, 1969 թվականին : Ներկայումս բնակվում է ԱՄՆ-երում: Ի տարբերություն շատերի, նա տեխնոաշխարհ մուտք գործեց ավելի կայացած և ապահով վիճակում։ Հայրն անվանի գործարար էր՝ զբաղվում էր քիմիկատների և դեղերի ներմուծմամբ: Բայց Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո Հոսրովշահիների ընտանիքը լքեց երկիրը: Դարան հայտնվեց ԱՄՆ-ում՝ բարեկամների մոտ:Նա այդ ժամանակ դեռ 9 տարեկան էր :
Միացյալ նահանգներում Դարան սովորեց մասնավոր դպրոցում և լավ կրթություն ստացավ։ Իսկ արդեն Բրաունյան համալսարանն ավարտելուց ձեռք բերեց էլեկտրաինժեների մասնագիտությունը:
90-ականներին Դարան մի քանի անգամ փոխեց աշխատավայրը․ սկսեց Allen & Co ընկերությունից հետո՝ տեղափոխվեց USA Networks, որտեղ զբաղեցրեց բաժնի ղեկավարի պաշտոնը: Հենց այստեղ էլ նա առաջին անգամ սթրիմինգային բովանդակություն ստեղծելու փորձ արեց: Ավելի ուշ իր կյանքի այս շրջանը նա այսպես է բնութագրում․ «Դա կատարյալ ձախողում էր, ուղղակի անհավանական ձախողում»: Սթրիմինգային կոնտենտի վրա ավելի շատ գումար էր ներդրվել, քան կարող էր գումար բերել: Եվ, բնականաբար, ընկերությունն աշխատելու էր մեծ կորստով:
Մյուս գործարքը կայացավ 3 տարի անց, երբ Հոսրովշահին և մեդիամագնատ Բարի Դիլլերը 1.3 միլիարդ դոլարով Microsoft-ից գնեցին Expedia տուրօպերատորը: 2001 թվականին սկզբին կատարված այս գործարքից ամիսներ անց, տեղի ունեցավ ԱՄՆ-ի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և Դարայի տուրընկերությունն սկսեց վնասներ կրել:
2005-թ-ին Expedia-ն առանձնացավ ու դարձավ ինքնուրույն ընկերություն, որի ղեկն իր ձեռքը վերցրեց Դարան և որպես՝ ղեկավար այստեղ աշխատեց 12 տարի:
Հետո նոր ու բավականին հետաքրքիր առաջարկ ստացավ Uber-ից: Կարճ կենսագրությամբ այդ ընկերությանն արդեն հաջողվել էր միլրարդատեր դարձնել մի քանի ներդրողների ու լավ արդյունքներ ուներ շուկայում: Դարան, առանց մտածելու ընդունեց առաջարկն ու տեղափոխվեց Ուբեր:
2017-ին Դարան դարձավ Uber-ի գործադիր տնօրենը: Նա փոխարինեց Թրեվիս Կալանիկին ու որպես ժառանգություն՝ նրանից ստացավ բանսարկությունների ու սկանդալների մի ամբողջ փաթեթ։ Uber-ի համբավը, մեղմ ասած, անկում էր ապրում։ Թիմում և՛ չլուծված կոնֆիկլտներ կային և՛ աշխատանքային անհաջող պայմաններ։ Եվ Դարայի համար մեկ խնդիրն Uber-ի վարկանիշը բարձրացնելն էր: 2017-ին ընկերությունն այնքան էլ շահեկան դիրքերում չէր։ Եղել էի վատ նախադեպեր․ Uber-ի վարորդները մի քանի անգամ թալանել էին ուղևորներին։ Ինքնավար մեքենան հետիոտնի էր վրաերթի ենթարկել թեստավորման պահին: Բացի այդ, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ընկերությանը մեղադրում էին օգտատերերի անձնական տվյալների պահպանման և դրանք ապօրինաբար կիրառելու մեջ: Պետք էր արագ շտկել սխալները, այլապես Սիլիկոնյան հովտի ամենաթանկ ու հեղինակավոր ընկերությունն արժեզրկվում էր շուկայում: Դարան այս ամենը կարգի բերեց կարճ ժամանակում:
Որպեսզի պատկերացնենք, թե Դարային ինչո՞ւ էր այդքան անհրաժեշտ բարձր հեղինակություն ձեռք բերել, ասեմ․նա ղեկավարում էր մի ընկերություն, որն ուներ շուրջ 30 հազար աշխատակից և մոտ 4 միլիոն վարորդ 63 երկրում:
Ուբերն սկզբում ստեղծեց մի հավելված, որի միջոցով օգտատերը կարող էր տաքսի պատվիրել՝ հետևելով նրա ընթացքին, տեսնել, թե տվյալ պահին որտեղ է գտնվում: Ընթացքում նոր ծառայություններ ավելացան, ընկերությունն սկսեց զբաղվել նաև սննդի առաքմամբ։ Այժմ Uber-ն ունի ռայդշեյրինգ՝ ճանապարհը կրճատող ծառայություն, որն ավելի պահանջված է նահանգների տարածքում:
Բացի տաքսի ծառայության բազմազան ձևերից, Uber-ն ունի նաև սքութերների և էլեկտրահեծանիվների վարձակալության ծառայություններ:
Uber-ի և այդպիսի ծառայություններ մատուցող ընկերությունների տարբերությունն այն է, որ սքութերներն ու էլեկտրական հեծանիվները նախագծվում և ստեղծվում են հենց Uber-ում, այլ ոչ թե երկրորդ կամ երրորդ ընկերություններում: Հիմա շատերը կասեն, որ սքութերները վտանգավոր են, հատկապես մեծ քաղաքների խիտ երթևեկության պայմաններում : Դարան ունի իր պատասխանը:
Դարային հաճախ են հարցնում ընկերության նախկին ղեկավարների, նրանց աշխատանքների և նրանցից ժառանգություն հասած սկանդալների մասին և նա միշտ պատասխանում է, որ այն, ինչ արել է Թրեվիսը Uber-ի համար, նա չէր կարող անել, բայց զգում է՝ հիմա նա այն մարդն է, ով ավելի շատ է անհրաժեշտ ընկերությանը։
Ուբերի ղեկավարն ակտիվ է նաև հասարակական կյանքում: Հաճախ քննադատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հրապարակումներ անում թվիթերում :
Որպես ղեկավար Դարա Հոսրովշահին նախորդի՝ Թրեվիսի հակապատկերն է: Նա ընկերասեր է, հանգիստ և ամենակարևորը․․․ հեռու է կոնֆլիկտներից։