Նախկինում, երբ «Առողջության այբուբենի» համար թեմաներ էի առանձնացնում, պատահել է, որ մտածել եմ՝ խոսենք ձեռքերը մաքուր պահելու կարևորության մասին: Բայց ամեն անգամ ինձ թվացել է, որ դա այնքան պարզ, հանրահայտ, դեռ շատ վաղ տարիքից բոլորիս տրվող գիտելիք է, որ դրան չարժե անդրադառնալ: «Ո՞վ չգիտի, որ ձեռքերը պետք է մաքուր պահել,-մտածել եմ,-դա հիգիենայի առաջին կանոններից մեկն է, որը մեզ սովորեցնում են տանը, մանկապարտեզում, դպրոցում»:
-Գալի՛, ձեռքերդ լվանալու՛,-լսել եմ բակից տուն մտնելուն պես, զբոսանքից վերադառնալուն պես, դպրոցից գալուն պես, նախաճաշից ու ճաշից առաջ ու հետո, քանի դեռ փոքր էի: Պարզ է, որ հիմա այդ մասին ինձ հիշեցնելու կարիք չկա, ինպես և ձեզ, բայց…
Չգիտես որտեղից հայտնվեց COVID 19 անունով փոքրիկ մի վիրուս, և պարզվեց, որ բավական չէ՝ ձեռքերը մաքուր պահելու մասին պարզ գիտելիքը բոլորը չէ, որ ունեն, ունեցողներն էլ՝ կիսատ-պռատ գիտեն, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը: Ես, ինչպես ինքս ինձ համար պարզեցի կորոնավիրուսային անցուդարձի մեջ, երկրորդ խմբում էի. ձեռքերս, այո, լվանում եմ հաճախ, բայց, պարզվում է՝ ոչ ճիշտ: Եվ այսպես՝ այսօրվա մեր զրույցը մաքուր ձեռքերի և ձեռքերը ճիշտ լվանալու մասին է:
Սկսեմ նրանից, որ մաքուր ձեռքերի խնդիրն այնքան կարևոր է, որ օրացույցում նույնիսկ այդպիսի օր է առանձնացվել՝ Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը, որը նշվում է 2008 թվականից սկսած ամեն տարի հոկտեմբերի 15-ին՝ «Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում» կարգախոսի ներքո:
Մեզ շրջապատող աշխարհում վխտում են մի քանի տրիլիոն մեր աչքին անտեսանելի արարածներ՝ վիրուսներ ու բակտերիաներ. ինչպես հիմա հաճախ ասում են մասնագետները՝ Երկիր մոլորակի իսկական տերերը ոչ թե մարդիկ են, այլ՝ բակտերիաները:
Դրանց մի մասը սերտ համագործակցում է մեր օրգանիզմի հետ և մեր օրգանիզմի միկրոմիջավայրի կարևոր բաղադրիչ է:
Մեկ այլ խմբի համար մեր օրգանիզմն ընդամենը ժամանակավոր բնակության վայր է՝ յուրատեսակ տրանզիտային միջվայր, և հենց այս խումբն էլ տարբեր վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Ըստ հետազոտությունների՝ մեր ձեռքերի վրա միաժամանակ կարող են հայտնվել մի քանի միլիոնից մինչև մի քանի հարյուր միլիոն միկրոօգանիզմներ: Ձեռքերը ճիշտ լվանալով և ուշադրություն՝ նաև ճիշտ չորացնելով՝ մենք ոչ միայն կանխում ենք դրանց ներթափանցումը մեր օրգանիզմի ներքին միջավայր, այլև կտրում ենք դրանց տարածման շղթան՝ այդպիսով պաշտպանելով նաև մեր ընտանիքն ու շրջապատը բազմաթիվ վտանգավոր հիվանդություններից: Աղիքային հիվանդությունների շարքը վերջին տարիներին լրացնում են սուր շնչառական հիվանդությունները և հիմա էլ ահա՝ «կորոնա» անունով վիրուսը:
Ինչու շեշտեցի ճիշտ չորացնելը. որովհետև խոնավ ձեռքերի վրա ավելի շատ մանրէներ են լինում, քան չոր:
Փորձը ցույց է տալիս, որ որպես կանոն ուտելուց առաջ և հետո, դրսից տուն մտնելիս, զուգարանից օգտվելուց հետո մենք շատ արագ ենք լվացվում՝ 6-ից 10 վայրկյան, ինչն ամենևին բավարար չէ ձեռքերի վրա ապրող անտեսանելի բնակիչներից ազատվելու համար: Ես որ՝ այդպես էի անում՝ շատ արագ էի լվացվում մինչև վերջերս՝ վստահ, որ տարրական հիգիենայի ամենապարզ կանոնը՝ ձեռքերը մաքուր պահելը, յուրացրել եմ:
Պարզվում է՝ ոչ, սխալ եմ լվացվում: Կարծում եմ համացանցում և հեռուստաէկրաններին հայտնված տարբեր հոլովակներից արդեն գիտեք գլխավոր սկզբունքը՝ օճառափրփուրով ոչ միայն երկու ափերն իրար շփել, այլև լվանալ թե՛ ձեռքերի արտաքին երեսը, թե՛ մատների արանքներն ու յուրաքանչյուր մատն առանձին՝ չմոռանալով դաստակների և եղունգների մասին: Այս ամենը առնվազն 20 վայրկյան պետք է խլի ձեզնից: Եթե ավելի քիչ է տևում գործողությունը, ուրեմն շտապել եք:
Ճիշտն ասած, երբ ձեռքերը լվանալու համար նախատեսված ժամանակի մասին իմացա, առաջին արձագանքս սա էր՝ հո վայրկյանաչափով չեմ գնալու լվացարան: Հետո մի տեղ կարդացի, որ բոլորիս հայտնի «Տարեդարձ է այսօր» երգը երկու անգամ երգելը հենց այդքան՝ 20-30 վայրկյան է տևում, և հիմա լվացվելիս հաճախ քթի տակ երգում եմ: Եվ տրամադրությունս է բարձրանում, և՛ հերոսաբար պայքարում եմ ձեռքերիս հայտնված անտեսանելի ագրեսորների դեմ:
Ձեռքերը յուրատեսակ կամուրջ են, որոնք կապում են մեր մարմնի ներքին տարածքը արտաքին տարածության հետ, և դրանք պետք է պահել մաքուր: