ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր շարունակվելու են Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շահառուների վճարումները:
«Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:
Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո:
Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»,- գրել է նա:
Աջակցության 9-րդ միջոցառման շահառուներ են հանդիսանում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որտեղ երեխայի ծնողներից/խնամակալներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը/խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ․ մարտի 12-ի դրությամբ, և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական աշխատանքի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում։ Շահառու կարող է հանդիսանալ նաև այն ընտանիքը, որտեղ ծնողներից մեկը չունի աշխատանք, իսկ մյուսը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Ընտանիքը կարող է շահառու հանդիսանալ, եթե մինչև 18 տարեկան երեխան/երեխաները և նրանց ծնողը/ծնողները մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ-ի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում։
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից/խնամակալներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
Եթե շահառուն համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, պետք է ընտրի դրանցից որևէ մեկը՝ օրինակ՝ այն, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է։