Մայիսի 5- ին մեկնարկում է շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:
Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։
Եվրոպայի հավաքականում Հայաստանից ընդգրկված է Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները, բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։
Մրցումները կավարտվեն մայիսի 10 –ին։