Լուրեր

Համակարգիչներ՝ Հալիձոր, Տաթև, Հարժիս, Սվարանց և Տանձատափ համայնքների աշակերտներին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի աշխատակիցներն իրենց աջակցությունն են ցուցաբերել Տաթև խոշորացված համայնքի դպրոցականներին կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման համար և նվիրաբերել 10 համակարգիչ:

Նախաձեռնության շրջանակում տասը ընտանիքի 19 դպրոցականներ հնարավորություն են ստացել հեռավար ուսուցման:

Համակարգիչները նվիրաբերվել են Հալիձոր, Տաթև, Հարժիս, Սվարանց և Տանձատափ համայնքների աշակերտներին ս. թ. մայիսի 5-ին:  

«Մեզ պարտադրված նոր մարտահրավերի պայմաններում՝ երեխաների կրթության շարունակականության ապահովման գործում մեծ դեր ունի այս նվիրատվությունը: Շնորհակալություն ենք հայտնում IDeA հիմնադրամին գործընկերային համագործակցության և Տաթև համայնքի աշակերտներին օգնության ձեռք մեկնելու համար»,-ասում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան։

Նախաձեռնությունն իրականացվել է IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ:

Տաթև համայնքի և նրա հարակից շրջանների զարգացումը IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի կարևոր ուղղություններից է:

«Տաթև համայնքի դպրոցականներին կատարած սիմվոլիկ նվիրատվությամբ IDeA հիմնադրամը հաստատում է իր մտադրությունը աջակցելու կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին և օգնելու դրա հետևանքով ամենաշատ տուժածներին և կարիքավորներին»,-ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:  

Ցուցադրել ավելի
Back to top button