Լուրեր

Այսօր թանգարանների միջազգային օրն է. թանգարաններն առցանց հարթակում կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այսօր հրավիրում է բոլորին՝ միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի, ելնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից, առաջին անգամ պետք է նշենք անսովոր պայմաններում:

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը:

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր առցանց հարթակում։

Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամը 11:30-ին կներկայացնի «Ակամա սրամտություն թանգարանում» անիմացիոն ֆիլմը:

Ժամը 13:30-ին, Ռուսական արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջում կիրականացվի թանգարանի նոր կայքի շնորհանդեսը: Ռուսական արվեստի թանգարանը հնարավորություն կունենա իր հավաքածուն և գործունեությունը, այսուհետ, ներկայացնել նոր, ավելի մեծ վիրտուալ հարթակում՝ rusartmuseum.am:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ժամը 12։00-ին կազմակերպում է Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունը, երեք հայ հանճարների՝ Հ. Թումանյանի, Ա. Սպենդիարյանի, Մ. Սարյանի պատմական հանդիպումը առցանց միջոցառումը։

Մատենադարանը կազմակերպում է «Հասանելիություն համավարակի օրերին». առցանց շրջայց Մաշտոցյան Մատենադարանում, մեկնարկեը 15:00-ից Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` թանգարանների առցանց հետևորդներին առաջարկելով տարբեր խորագրերով և ձևաչափերով տանը ստեղծել «Թանգարանային անկյուն», տեսագրություններն ուղարկել նախընտրած թանգարանին, որոնք կհրապարակվեն մայիսի 18-ին տվյալ թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Նախաձեռնության նպատակն է բացահայտելու նորանոր և յուրօրինակ «թանգարաններ» կամ «թանգարանային հավաքածուներ», ինչը հետագայում նոր նախաձեռնությունների առիթ կհանդիսանա:

Թանգարանների միջազգային օրվան միացած թանգարանների առցանց ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ.

Ցուցադրել ավելի
Back to top button