Լուրեր

Երեխաների ծնունդների գրանցման գործընթացին կմիանա ևս չորս բուժկենտրոն

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ երեխաների ծնունդների տեղում գրանցման գործընթացին կմիանա ևս չորս բուժկենտրոն։

«Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևանում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում: Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները»,–գրել է Բադասյանը։

Նա նշել է, որ այսպիսով, երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Մասնավորապես, երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման և ամուսնության պետական գրանցում:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածվելու է Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:

Ծրագրի առաջին փուլին միացել էին Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button