Լուրեր

Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում (տեսանյութ)

«Աստղային հնչյունները» (Starsounds) հետաքրքրաշարժ նախագիծը աստղերից արձակվող ալիքներից կազմված և բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով համադրված ստեղծագործություն է, որն արդեն հասանելի է համացանցում։


Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։
2005թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքագրելով աստղերից արձակվող ուլտրաձայնային հնչյունները, դրանք միավորել է մի մեծ գրադարանում։ «Սթարմուսն» ու աստղային երաժշտության գրադարանը ոգեշնչել են բազմաթիվ ստեղծագործողների։ Արդյունքում՝ այսօր մենք ունկնդիրն են դարձել աստղերի դյութիչ հնչյունների։
«Աստղային հնչյունները» (“Starsounds”) «Սթարմուս» (“STARMUS” — Stars and Music), գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անց է կացվում Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։
Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին լսելի մակարդակի։ Այնուհետև՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան, աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների և Արեգակի սկավառակի պատկերներով։
2021թ.-ին «Սթարմուս» (“STARMUS”) փառատոնը հյուրընկալվելու և անց է կացվելու Հայաստանում:

Գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի:
STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:
Փառատոնի մասին մանրամասներ կարելի է գտնել www.starmus.com կայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button