Լուրեր

Արտակարգ դրությունը ևս մեկ անգամ կերկարաձգվի

Արտակարգ դրությունը, ամենայն հավանականությամբ, ևս մեկ անգամ կերկարաձգվի, այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում հաստատվել է մարտի 16-ից և երկարաձգվել է 3 անգամ։ Հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը։

Վարչապետը հիշեցրեց՝ շաբաթ-կիրակի շուրջ 1000 նոր դեպք է գրանցվել, իսկ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով:

«Բազմաթիվ երկրներում, որտեղ կարծես թե համավարակի իրավիճակը վերցվում է հսկողության տակ, լուրեր կան, թե կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում, որն ընդհանուր առմամբ խտացնում է պատկերացումը, որ ունենք իրավիճակի նկատմամբ: Մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը: Մենք տեսնում ենք, որ այս իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյուքնում: Միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ, եթե Հայաստանում իսկապես վարքագծի զանգվածային փոփոխություններ տեղի չեն ունենում»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահապանել սոցիալական հեռավորություն, ախտահանել և հաճախակի լվանալ ձեռքերը:

Ըստ նրա, կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ կա կարմիր գիծ, և այն հատելու դեպքում իշխանությունները կրկին սահմանափակումներ կկիրառեն Հայաստանում։

Ըստ Փաշինյանի՝ սահմանափակումներին վերադարձը կլինի այն ժամանակ կամ այն դեպքում, երբ առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին։

Վարչապետի խոսքով՝ թեև դա ծանր հարված կլինի տնտեսությանը, բայց իրենք կգնան ավելի խիստ սահմանափակումների։

Ցուցադրել ավելի
Back to top button