Լուրեր

Շախմատիստ ընկերները՝ ապագա գրոսմայստերները շարքից

Գագիկն ու Բենիկն Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բակում որոշել են մրցել միմյանց հետ: Մալաթիա-Սեբաստիա համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը ներկայացնելով տղաներին՝ գրում է, որ նրանք արդեն 5 տարի է շախմատ են խաղում և օրը սկսում ու ավարտում են այդ իմաստուն խաղով:

Գագիկն անցյալ տարի Հայաստանի առաջնության եզրափակչի մինչև 10 տարեկանների տղաների խմբում գրավել է 1-ին տեղը, Եվրոպայի մինչև 10 տարեկան տղաների առջնության 5-րդ տեղը, իսկ աշխարհի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Բենիկ Ագասարովը 2020թ.-ի Տիգրան Պետրոսյանի անվան առցանց մրցաշարում մինչև 18 տարեկանների միջև զբաղեցրել է 1-ին տեղն ու նվաճել ոսկե մեդալ, իսկ անցած տարի Երևանի շախմատի պատանիների առաջնության մինչև 10 տարեկանների մրցաշարում և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մինչև 12 տարեկանների առաջնությունում` 1-ին հորիզոնականները:

Գագիկը շախմատում կարևորում է երկու հանգամանք՝ հակառակորդին հարգելն ու ֆիզիկապես և մտքով շուտ չհոգնելը: Բենիկը հավելում է՝ պետք է զգոնությունը չկորցնել ու ժամանակից շուտ չուրախանալ: Շախմատիստ ընկերներն իրար նաև շախմատում են փոխլրացնում: Գագիկը, օրինակ, իրեն հարձակողական ոճի շախմատիստ է համարում՝ ճիշտ Ռոբերտ Ֆիշերի պես, ով իր համար բոլոր ժամանակների ամենասիրելի շախմատիստն է: Իսկ Բենիկը, ինչպես երևի արդեն նկատեցիք, շատ հաճախ հաղթում է Պետրոսյանական պաշտպանողական խաղաոճով: Ասում է՝ իր խաղերն էլ միշտ հանգիստ են, չի շտապում ու պաշտպանվելու վարպետության նրբություններն ավելի լավ գիտի:

Խաղատախտակից այն կողմ՝ առօրյայում էլ շախմատը տղաներին շատ է օգնում. որոշումներ կայացնելուց առաջ երկար են մտածում ու զարգացած տրամաբանություն ունեն: Պարտվելիս չեն տխրում, մի փոքր սրտնեղում են ու փորձում սխալների վրա սովորել:

Ցուցադրել ավելի
Back to top button