Լուրեր

Պարետը հորդորում է այս տարի զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

Պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում և հորդորում է զերծ մնալ Վարդավառն այս տարի ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Հիշեցնելով, որ այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է, նա ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը:

Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ: Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:

Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:Տեղեկացնում եմ նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Սիրելի՛ ժողովուրդ,Հասկանում եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս շուտ վերադառանալ նախկին ապրելակերպին, սակայն ներկայիս պայմաններում մեր և մեր սիրելիների անվտանգության ու առողջության ապահովման միակ ճանապարհը սահմանված կանոնների պահպանումն է:

Համոզված եղեք, որ շարունակական կարգապահության դեպքում ավելի շուտ կկարողանանք վերադառնալ մեր կյանքի բնականոն ռիթմին: Այս օրերին մեր բանակը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ նվիրումով պաշտպանում է հայրենիքի սահմանները հակառակորդի ոտնձգություններից, մենք էլ մեր հերթին բարձր կարգապահությամբ և պատասխանատվությամբ պաշտպանենք «ներքին սահմանները» կորոնավիրուսի համավարակից: Առողջություն և զգոնություն բոլորիս, միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները»:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2526186804352391
Ցուցադրել ավելի
Back to top button