Հայրիկի դասերը

Հայրիկի դասերը. Տեմպ, ռիթմ

Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ, շատ սիրելի պստիկներ ու մեծիկներ, ձեր եթերում «Հայրիկի Դասերը» հաղորդաշարն է, որը վարում եմ ես՝ Քրիստ Մանարյանս, կամ պարզապես Քրիստ քեռին: էսօր ուզում եմ ձեզ հետ խոսել ոչ թե մանկական հեքիաթներից,(որովհետև շատերն ինձ գիտեն որպես հեքիաթասաց), այլ՝ մի քիչ ավելի լուրջ թեմայից՝ ուզում եմ խոսել, ինչպես երևի արդեն մեր հաղորդաշարի վերնագրից հասկացաք՝ հայրիկի դասերից, էն դասերից, որոնք ցանկալի է, որ իմանան հայրիկները ու հատկապես՝ երիտասարդ հայրիկները, որոնք դեռ մեծ կենսափորձ չունեն: Ընդսմին, ճիշտ կլինի, որ պստիկները վազեն խաղալու կամ որևէ համեղ բան ուտելու, քանզի մեր խոսակցությունը միիի-քիչ մեծական է:

Նեղանալ չկա։

Եվ էսպես…

Անշուշտ ես հավակնություն չունեմ հայրիկների աշխարհի բոլոր գաղտնիքներն ու նրբերանգներն իմանալու, բայց իմ մոտավորապես 28 տարիների փորձն այս ոլորտում ինձ թուլյ է տալիս որոշ ընդհանրացումներ անել ու կիսել դրանք ձեզ հետ (ոչ թե կիսվել, ինչպես հիմա ընդունված է ասել, այլ հենց՝ կիսել, հայերեն էդպես կասեն):
Իմ ամենաերջանիկ օրը կյանքում հայրիկ դառնալու օրն էր, երբ ծնվեց իմ դուստր Լիլիթը: Կինս` Նունեն, փոքրիկ Լիլիթին ցույց տվեց ինձ ծննդատան պատուհանից ու ես զգացի, որ շատ ավելի լուրջ մարդ եմ, քան մինչ այդ ենթադրում էի, զգացի նաև, որ աշխարհ է եկել մի փոքրիկ, սիրունիկ էակ, որի համար ես պատասպանատու եմ ու էդ պատասխանատվությունն ինձ հետ է լինելու իմ ողջ հետագա կյանքի ընթացքում։


Իհարկե հեշտ չէր՝ զգացողությունը կար, բայց փորձ առանձնապես չունեի, մեղմ ասած: Չէ՞ որ հայրիկ լինելը միայն մայրիկի օգնությամբ երեխա լույս աշխարհ բերելը չի, հայրիկը պիտի իմանա ու կարողանա անել շատ-շատ բաներ, որոնց մասին նախկինում գուցե գաղափար էլ չի ունեցել։


Ես սովորում էի սովորականից շուտ թողնել ընկերական խնջույքի սեղաններն ու շտապել տուն, փնտրել ու գնել փամփերսներ (էն ժամանակ դրանք նոր նոր էին հայտնվել մեր քաղաքում ու առաջին տուփը ես գնեցի հիսուն դոլարով, լավ հիշում եմ, դա մեծ փող էր էն տարիներին):
Լիլիթը լույս աշխարհ եկավ էն տարիներին, երբ պատերազմ էր, լույս ու գազ չկար, իսկ մեր սեփական տանը, ի լրումն էդ ամենի՝ նաև ջուր չկար, որովհետև ջրի խողովակը սաստիկ ցրտից սառել էր ու ոչ մի կերպ այն տաքացնել ու հալեցնել չէր ստացվում, և ես ուղիղ կես տարի ամեն օր մի քանի անգամ, դույլերով ջուր էի կրում հարևանների բակերից, դրան էլ գումարած՝ մեր մեծ տան երկու վառարանների համար ամեն օր կացնով փայտ էի կոտրատում:


Իհարկե էնպես չի, որ եթե նորածին երեխան չլիներ՝ էդ ամենը չէի անելու, սակայն փոքրիկ ու միշտ ժպտադեմ Լիլիթի գոյությունն ինձ անասելի բերկանք և ուժ էր պարգևում ու էդ ծանր պարտականություններն անում էի առանձնակի եռանդով, նոյնիսկ հաճույքով:
Փոքրիկները ներխուժում են մեր կյանք, բերում են հազար ու մի հաճելի հոգսեր, պարտականություններ, երբեմն՝ անգամ գլխացավանք, բայց նրանք նաև ուժ ու կորով են մեզ հաղորդում դիմանալու ու դիմակայելու բոլոր էն փորձություններին, որոնց միջով անցնում են ամուսնացած մարդիկ, դա իսկապես էդպես է…ինչպես ասում է ժողովուրդը՝ ամեն երեխա իր ղսմաթն ունի:

Ու կամաց-կամաց ես սկսեցի հասկանալ, անշուշտ նաև իմ կնոջ՝ Նունեի ջանքերով, որ ոչ միայն երեխաները պիտի մեզ հարմարվեն էս կյանքում, այլև մենք՝ նրանց:
Անձամբ ես էս կյանքում ամեն ինչ սիրում եմ անել արագ, տեմպով, վստահաբար: Օրինակ, փողոցում արագ եմ քայլում, կողքից նայողը կմտածի, որ աշխարհի ամենազբաղված մարդն եմ, հավերժ շտապում եմ, ու՞ր հայտնի չի: Մինչդեռ դա ուղղակի սովորություն է:
Կարիք եղավ էդ սովորությունը վերանայելու, սովորություն, որ ժառանգել եմ իմ սիրելի հորից՝ Երվանդ Մանարյանից:

Ցուցադրել ավելի
Back to top button