Լուրեր

Մահացել է Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների նախկին գլխավոր խմբագիրը՝ Էլեոնորա Գրիգորյանը

Խոսք՝ հիշատակի․

«Ռադիոյում աշխատելու տարիներին ամենաքիչը հասցնում էի իմ երեխաներին ժամանակ նվիրել՝ մանկականը թույլ չէր տալիս» ,-մի անգամ՝մի շատ մտերմիկ զրույցի ժամանակ, խոստովանեց մեր շատ սիրելի Էլեոնորա Գրիգորյանը, որն այսօր՝ կյանքի 87-րդ տարում, հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին։
Տիկին Նորան Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիրն էր 1985-2005 թվականների ընթացքում, բայց ռադիոլրագրողի նրա գործունեությունն ավելի վաղ է սկսվել՝ 1950-ականներից: Սկզբում «Հանելուկ պապիկ», «Ուրախ կարուսել», «Հասակակիցներ» հաղորդաշարերի հեղինակն ու խմբագիրն էր, իսկ տարիներ անց իր ուսերին վերցրեց ամբողջ խմբագրության պատասխանատվությունը։
Իսկական «ռադիոյի մարդ» էր նա՝ անսահման նվիրված իր գործին, բառի արժեքն ու ուժը հրաշալի իմացող…Եվ, իհարկե, մարդկային հոգու նուրբ գիտակ էր. կարողանում էր միանգամից «կարդալ» մարդուն, ոգևորել, նկատողություն անել ու թև տալ՝ միաժամանակ… մեկ ժպիտով ու մեկ բառով:
Բոլոր նրանք, ովքեր աշխատել են Էլեոնորա Գրիգորյանի հետ, կհիշեն, թե որքան սկզբունքային էր որպես խմբագիր, բծախնդիր՝ իր աշխատանքում, մանկական ռադիոլրագրության ասպարեզում։

«Մենք գրում ենք երեխաների համար և ոչ թե նրանց մասին»,- զգուշացնում և սովորեցնում էր մանկապատանեկան խմբագրություն ոտք դրած նորելուկ լրագրողներին, և սա միակ դասը չէր, որ ստանում էինք նրանից: Առաջին հաջող ու անհաջող փորձերից հետո դեռ պետք է հասկանայինք նաև, որ երեխաների համար գրելը «խաղ ու պար» չէ, և պարզունակ տեքստերն ու երեխաների հետ փաղաքշական «իկ»-երով զրույցներն ամենևին էլ կապ չունեն մանկապատանեկան լրագրության հետ։ Իսկ ամենակարևորը՝ «լսարանին հարգանքով վերաբերվելն է։ Եվ կապ չունի մեծի՞, թե՞ փոքրի համար ես գրում»,-ամեն առիթով հիշեցնում էր նա։

Ամենից սիրով ու հաճույքով հիշում էր ռադիոյի «Արևիկ» մանկական վոկալ խմբի ստեղծման պատմությունն ու այս գործում մեծ դերակատարում ունեցող Գագիկ Գեղամիչին՝ Գագիկ Բադալյանին։ Հենց նրանց մեծ ջանքերի ու աշխատանքի շնորհիվ էլ 1979 թվականին հիմնադրվեց «Արևիկ»-ը, որն այսօր էլ գործում ու երգեր է նվիրում երեխաներին։

«Մանկապատանեկանում աշխատող լրագրողը մի առավելություն ունի. նա կարող է աշխատել ցանկացած մեկ այլ խմբագրությունում և զբաղվել մշակութային, տնտեսական և անգամ քաղաքական լրագրությամբ։ Այ, հակառակի մեջ՝ վստահ չեմ․․․» ,- կատակում էր նա ու ավելացնում. «Երեխաների համար քչերին է հաջողվում լավ նյութ ստեղծել»։

Հաճախ էլ, անկեղծորեն զայրանում էր, որ այս կարևոր հարցերն անտեսում էին մասնագետները՝ երբեմն թյուր կարծիք հայտնելով, թե երեխաների հետ աշխատելն ամենահեշտն է։

Թե քանի լրագրողի ու հաղորդավարի, այդ թվում՝ պատանի լրագրողի հետ է աշխատել Էլեոնորա Գրիգորյանը ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունում, դժվար է ասել։ Իր կյանքի շուրջ 50 տարին նա նվիրեց այս աշխատանքին՝ միշտ խրախուսելով ու կանգնելով նրանց կողքին, ովքեր նոր ու հետաքրքիր գաղափարներով ու ռադիոնախագծերով էին ծեծում մանկականի դուռը։ Իսկ աշխատանքային վերջին 20 տարիներին, լինելով մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, տիկին Նորան կրթեց ռադիոլրագրողների մի մեծ բանակ։

«Ռադիոյի մարդիկ» այդպես էլ չեն հեռանում ռադիոտնից, իսկ նվիրյալներին այստեղ միշտ են հիշում։ Էլեոնորա Գրիգորյանը մեկն է նրանցից, ովքեր երկար տարիներ ապրեցին ու ստեղծագործեցին Ռադիոտանը:

Ցավակցում ենք նրա հարազատներին, մտերիմ մարդկանց, մեր գործընկեր Ամալյա Թադևոսյանին՝ սիրելի մայրիկի կորստյան կապակցությամբ ու…նաև՝ մեզ:

Բարի ճանապարհ, սիրելի Նորա Պավլովնա…

Ցուցադրել ավելի
Back to top button