Հայրիկի դասերը

Հայրիկի հետ անցկացրած րոպեները

Մեծ պատիվ է հայրիկ լինելը… չկա աշխարհի երեսին թեկուզ մեկ իսկական տղամարդ, որն էդ գիտակցությունից չփքվի աքլորի պես ու չփայլի իր ողջ տղամարդկային ինքնավստահությամբ ու հմայքով հանդերձ: Հայրիկներն ամենաբարին են, հայրիկներն ամենախելացին են, հայրիկներն ամենաուժեղն են, հայրիկներն ամենամեծահոգին են, հայրիկները չեն բամբասում, հայրիկները չեն լալիս, հայրիկները սերիալներ գրեթե չեն նայում (փառք աստվածներին), հայրիկները հնարամիտ են ու սրամիտ, հայրիկները երբեք չեն մերժի, եթե նրանց դիմես օգնության համար, մի խոսքով՝ հայրիկները ամենա-ամենա-ամենա-ամենաներն են. զուր չէ, որ մայրիկներն էդպես անթաքույց սիրում են հայրիկներին, ախր ո՞նց կարելի է հայրիկներին չսիրել
Բայց… հայրիկ լինելը իր բոլոր, բազմապիսի առավելությունների ու հաճույքների հետ, նաև պարտավորեցնող է, չէ՞ որ իսկական հայրիկը երբեմն ստիպված պիտի լինի անել բաներ, որոնք ինքը, էնքան էլ չի ուզում անել, բայց չանել էլ չի կարող:

Երբ հայրս սկսում էր հետս շախմատ խաղալ՝ աշխարհն իմն էր, նրա ասած ամեն բառը անվիճելի իմաստություն էր, նա ինձ սովորեցնում էր կախարդական խաղի օրենքները, համբերատար բացատրում էր, թե ինչն ինչոց է և ի՞նչ մեղքս թաքցնեմ, երբ մեծանալով, մի երկու անգամ հաղթեցի նրան՝ ինքս ինձ շատ վատ էի զգում…որ տարա նրան, ով բացել է իմ աչքերն էս կյանքում, սովորեցրել է ինձ ամենակարևոր բաներն ու որը, իհարկե, ամեն ինչ գիտի ինձնից լավ: Ու երբ հաղթում էի՝ ինքս իմ արածին չէի հավատում, ինձ անգամ թվում էր, որ հայրս դիտմամբ է տարվում, որ ես ուրախանամ ու ինքնավստահություն ձեռք բերեմ: Որովհետև հայրիկներն իհարկե՝ անպարտելի են:

Անձմաբ իմ հայրն էդպիսին էլ մնաց իմ գիտակցության մեջ մինչև վերջ՝ մեկը, ով գիտեր ամեն-ամեն ինչ, ու ամեն ինչ բոլորից լավ էր անում ու էնքան մեծահոգի էր, որ ինձ ոգևորելու համար տարվում էր երբեմն շախմատում, որ ես հավատամ իմ ուժերին:

Հայրիկների հետ անցկացրած րոպեներն ու ժամերը երեխաները հիշում են ողջ կյանքում, հայրը մի մարդ է, որը միշտ պատրաստ է անձնազոհաբար պաշտպանել իր ընտանիքը, հարազատներին, հայրենիքը ամեն կարգի ոտնձգություններից՝ ո՞նց կարող ես չսիրել նման մարդկանց:
Էնպես որ, սիրելի, երիտասարդ հայրիկներ, եթե ուզում եք, որ ձեր բալիկներն ապագայում ունենան ամուր, բարոյապես պինդ ընտանիքներ, ուր ամեն մեկը լավ գիտի իր դերն ու անելիքը, մի զլացեք, թեկուզ երբեմն-երբեմն, բայց ժաքմանակ հատկացրեք ձեր փոքրիկներին ու նրանց օրը տոն դարձրեք։ Դրա համար շատ բան պետք չի, ընդամենը մի փոքր ցանկություն ու կամեցեղություն:


Երբ հայրս ինձ գրկում ու թռցնում էր օդ, և ես նրան ու աշխարհը տեսնում էի վերից՝ զգում էի, որ էդ աշխարհի տերն եմ լինելու մի օր: Շնորհիվ հորս ու նրա ամուր ձեռքերի:
Տասնամյակներ են անցել, շատ բան է փոխվել, իմ սիրելի հայրն արդեն մեզ հետ չէ, գնացել է իր առաքելությունը շարունակելու ուրիշ աշխարհներում և ուրիշ չափումներում, բայց նրա հետ անցկացրած ամեն րոպեն հիանալի հիշում եմ մինչև էսօր:

Ցուցադրել ավելի
Back to top button