Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Թե ինչպես ուղտը դարձավ սապատավոր

Դարեր առաջ, երբ աշխարհը դեռ այնքան մանուկ էր, և  Կենդանիները նոր-նոր էին  աշխատում մարդու համար,  մի Ուղտ կար, որն  աշխատանքից խուսափելու  համար  ապրում  էր Ոռնացող  Անապատում,  մանավանդ՝  ինքն էլ Ոռնացող էր:  Այս ահավոր ծույլն ուտում էր փուշ ու տատասկ, 
մոշ ու փուշ, կաթնախոտ  ու մոլախոտ,  և  երբ  մեկը  փորձում էր  խոսել հետը,  շարունակ կրկնում էր . «Ուզ, ուզ»…

Մի երկուշաբթի առավոտ Ձին, թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ նրա մոտ.
-Ուղտ, այ Ուղտ, դուրս արի մեզ նման վազիր:
-Ուզ, ուզ:
Ձին գնաց ու պատմեց Մարդուն:
Որոշ ժամանակ անց, մի փայտի կտոր բերանին, եկավ Շունը:
-Ուղտ, այ Ուղտ, արի, մեզ նման իրեր տար ու բեր:
-Ուզ, ուզ:
Շունը գնաց ու պատմեց Մարդուն:
Վերջապես, լուծը վզին, եկավ Եզը.
-Ուղտ, ա՛յ Ուղտ, արի՛ մեզ նման վարուցանք արա:
-Ուզ, ուզ:
Եզը գնաց ու պատմեց Մարդուն:
Օրվա վերջում Մարդը կանչեց Ձիուն, Շանը և Եզին.
-Եռյակ, ա՛յ եռյակ, մեղքս գալիս եք (աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ),  բայց  այդ Անապատի  Ուզը չի կարող աշխատել,  թե չէ  մինչև  հիմա  եկած կլիներ:  Ուրեմն ես նրան հանգիստ կթողնեմ, իսկ դուք պետք է նրա փոխարեն էլ աշխատեք, տեղը լրացնեք:

Սա շատ բարկացրեց Եռյակին: Եվ նրանք խորհուրդ արեցին, ժողով գումարեցին, համագումար հրավիրեցին և խելք  խելքի  տվին  Անապատի  եզրին:  

Ուղտը՝ այդ ահավոր ծույլը, եկավ կաթնախոտ ծամելով ու ծիծաղեց  նրանց վրա:  Հետո ուզ, ուզ ծոր տալով ՝ հեռացավ:
Շուտով փոշու ամպի մեջ հայտնվեց Բոլոր Անապատների Ջինը /Ջիները միշտ այդպես են ճամփորդում, որովհետև դա hրաշք է/ և ժողովեց Եռյակին ու խորհուրդ արեց նրանց հետ:

-Բոլոր անապատների Ջին, մի՞թե հնարավոր է անգործ նստել, 
երբ  աշխարհն այսքան նոփ-նոր է ու մանուկ,- հարցրեց Ձին:
-Իհարկե ոչ:
-Դե ուրեմն լսիր,- շարունակեց  Ձին, քո  Ոռնացող  Անապատում  կա  մեկը  (մանավանդ՝ ինքդ էլ գիտես, որ  Ոռնացողէ)՝  երկար վզով,  երկար ոտքերով,  որ  երկուշաբթի  առավոտից  ի վեր մատը մատին չի խփել:
-Ֆյույթ,- սուլեց Ջինը,- երդվում եմ  Արաբիայի ոսկով,  իմ Ուղտն է,  որ կա:  Իսկ ի՞նչ է ասում:
-Շարունակ՝ ուզ, ուզ,- վրա բերեց Շունը,- և իրեր չի տանում-բերում:
-Ուրիշ ոչինչ  չի՞ ասում:
-Միայն ՝ «ուզ»  և վար ու ցանք չի անում,- բողոքեց Եզը:
-Շատ լավ, քիչ համբերեք, ես նրան  «ուզ»  ցույց կտամ,-  սպառնաց Ջինը:
Ջինը կոլոլվեց  փոշե թիկնոցի մեջ,  կտրուկ շրջվեց  դեպի Անապատը,  գտավ Ուղտին՝  այդ ահավոր ծույլին, ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով հիանալիս:

-Իմ լողլող,  փսլնքոտ  ընկեր,  ուրեմն  ճիշտ են  ասում,  որ դու  ոչ մի գործ չես անում, երբ աշխարհը դեռ նոփ-նոր էու մանուկ:
-Ուզ, ուզ:
Ջինը նստեց, ծնոտը հենեց ձեռքին և հղացավ մի Մեծ Հրաշք,  մինչ  Ուղտը  հիանում  էր  ջրափոսի  մեջ արտացոլված իր պատկերով:

-Երկուշաբթի   առավոտից  ի վեր  քո  ահավոր  ծուլության  պատճառով  Եռյակն  աշխատում  է  նաև քո փոխարեն,-ասաց Ջինը և շարունակեց մտորել՝ ծնոտը ձեռքին հենած:
-Ուզ, ուզ:
-Եթե ես քո տեղը լինեի, այլևս «ուզ» չէի ասի,- խորհուրդ  տվեց  Ջինը,- կգա  ժամանակ,  երբ կզղջաս  դրա համար:  Հե՜յ, փսլնքո՛տ, դու պետք է աշխատես:
 Բայց Ուղտը դարձյալ կրկնեց՝ «ուզ, ուզ»,  և  հենց  այդ պահին տեսավ,  որ  իր  մեջքը,  որով  այնքան  հպարտանում էր,  սկսեց ուռչել, ուռչել, մինչև վերածվեց-դարձավ մի մեծ հսկա, ցցուն կուզ:
-Ա՛յ, տեսնում ես՝ ինչի հասցրեց քո «ուզը»,  որ  կուզ  դարձավ:  Այսօր հինգշաբթի է, և դու երկուշաբթի օրվանից՝աշխատանքի հենց սկզբից, ոչինչ չես արել, դե՛, հիմա պետք է աշխատես:
-Կուզը մեջքիս: Ես ո՞նց աշխատեմ,- սրտնեղեց Ուղտը:
-Դա քո երեք օրվա անգործ նստելու վաստակն է,-ասաց Ջինը:
Հիմա առանց ուտելու, կուզիդ հաշվին, կաշխատես երեք օր:
 Հետո չասես, թե քեզ համար ոչինչ չեմ արել: Դուրս արի Անապատից, գնա՛, միացի՛ր Եռյակին ու քեզ կարգին 
պահիր: Կուզիցդ ամաչիր:

Ուղտն իրեն կարգին պահեց, կուզից ամաչեց և գնաց միացավ 
Եռյակին: Այդ  օրվանից  մինչև  օրս  նա  կոչվում է սապատավոր (մենք կուզիկին սապատովոր ենք ասում, որպեսզի
 չվիրավորենք նրա  զգացմունքները):  Բայց նա երբեք այն երեք օրվա տեղը չհանեց, երբ աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ, և մնաց  ,,Ուղտի պես համառ․..

Ցուցադրել ավելի
Back to top button