Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ցեց Վիգենն ու կոստյումները

Ցեց Վիգենը շատ էր սիրում կոստյումներ ուտել: Նա ապրում էր պարոն Սիմոնյանի տանը, զգեստապահարանում, ուր տարբեր շորեր կային: Առավոտյան ուտում էր պարոն Սիմոնյանի թեթև, ամառային, բաց գույնի կոստյումը, ճաշին կրծում էր քաթանե մոդայիկ, առանց օձիքի կապույտ բաճկոնը, իսկ ընթրում էր, սովորաբար, բրդե անգլիական, զոլավոր կոստյումով, որն ամենաթանկն էր ու նրբահամը: Դրանցից բացի էլի կոստյումներ կային զգեստապահարանում, կային շալվարներ, ժիլետներ ու շապիկներ և ցեց Վիգենը ցուցակ էր կազմել, թե որը երբ պիտի ուտի:
Բայց արի ու տես, որ պարոն Սիմոնյանն էլ շատ պճնամոլ մարդ էր ու չտեսնված սիրում էր հագնել հերթական կոստյումն ու դուրս գալ փողոց՝ քայլելու դեպի Երևանի կենտրոնը և վայելելու գեղեցիկ եղանակը: Նա պատկերացում անգամ չուներ ցեց Վիգենի գոյության մասին և բնականաբար՝ տեղեկացված չէր, որ իր կոստյումներից մի քանիսն արդեն ցեցը լավ էլ կերել էր:
Մի երեկո պարոն Սիմոնյանին անսպասելի զանգեց տիկին Լուսինեն․


-Ալո՞, Հակ՞ոբ (այդպես էր պարոն Սիմոնյանի անունը) տե՛ս ի՜նչ հրաշալի երեկո ա, կհրավիրե՞ս ինձ զբոսանքի։
-Իհա՜րկե կհրավիրեմ,- ասաց պարոն Սիմոնյանը,- իսկ ե՞րբ հրավիրեմ, Լուսինե ջան:
-Դա էլ ինքդ որոշիր,- խորհրդավոր պատասխանեց տիկին Լուսինեն:
Պարոն Սիմոնյանը մտածեց, մտածեց ու հարցրեց․
-Իսկ կլինի՞ որոշեմ՝ էսօր հրավիրել քեզ զբոսանքի:
-Կլինի,- ժպտաց տիկին Լուսինեն,- Էսօր ժամը քանիսի՞ն:
Էսօր ժամը ութին: Հարմա՞ր ա:
-Կարծում եմ, որ հարմար ա,- նորից ժպտաց տիկին Լուսինեն:
-Դե ուրեմն՝ երեկոյան ութին կլինեմ ձեր տան մոտ,- ասաց պարոն Սիմոնյանը:
-Կսպասեմ,- երրորդ անգամ ժպտաց տիկին Լուսինեն:


Երեկոյան, յոթն անց կեսին պարոն Սիմոնյանը բացեց իր զգեստապահարանը, որ կոստյում ընտրի՝ ժամադրության համար և զարմանքից քարացավ․․․ցեց Վիգենը ոտքը ոտքին գցած, քթի տակ մի երգ երգելով՝ ախորժակով ուտում էր նրա կոստյումներից մեկը:


-Դու ո՞վ ես,- սարսափեց պարոն Սիմոնյանը,- ի՞նչ ես անում իմ զգեստապահարանում…
-Վիգեն,- բերանն անձեռոցիկով սրբելով ներկայացավ ցեց Վիգենը,- շատ համեղ բաճկոններ ունեք…
-Ես բաճկոնով պիտի գնամ ժամադրության, իսկ դու կերել, ծակել ես,- բացականչեց պարոն Սիմոնյանը,- Ախր բաճկոնն ուտելու համար չի:
-Իսկապե՞ս…չգիտեի,- տխրեց ցեց Վիգենը,- Բայց ես ցեց եմ ու սիրում եմ ուտել շորեր, շորերից բացի ուրիշ բան ուտել չեմ կարողանում։


Պարոն Սիմոնյանը ոչ միայն պճնամոլ մարդ էր, այլև՝ հնարամիտ: Նա մտածեց, մտածեց ու ելքը գտավ․


-Ուրեմն էսպես,- հայտարարեց նա,- ես ժամադրության կգնամ, հագնելով էն շորերը, որոնք դու դեռ չես ծակծկել, նույնիսկ եթե դրանք լինեն տարբեր գույների ու ոճերի: Իսկ քեզ համար որևէ ուրիշ ուտելու բան կբերեմ:


Եվ էդպես էլ արեց՝ հագավ մի կոստյումի շալվարը, մյուսի՝ պիջակը, կապեց բոլորովին ուրիշ ոճի փողկապ և անգամ տարբեր գույների գուլպաներ հագավ, մի խոսքով՝ էն ամենն, ինչ ցեց Վիգենը դեռ չէր հասցրել ուտել: Եվ էդպես գնաց ժամադրության, նախօրոք ծաղկեփունջ գնելով:
Պետք է ասել, որ տիկին Լուսինեին չտեսնված դուր եկավ պարոն Սիմոնյանի անսպասելի արտաքինը և նա, ի պատասխան՝ ողջ երեկո, ծաղիկները հոտոտելով, խորհրդավոր ժպտում էր, կրկնելով մտքում․

-Կյանքումս էսպիսի համարձակ ու էլեգանտ տղամարդ չեմ տեսել…
Նրանք սուրճ խմեցին և թխվածք կերան, իսկ վերջում, տիկին Լոսինեին ու նրա ժպիտը տուն ճանապարհելով, պարոն Սիմոնյանը մտավ հանրախանութ և մի զույգ ընտիր, բրդե գուլպա գնեց:
-Սա քեզ, հարյուր տոկոսանոց բրդից,- պահարանը բացելով, հանդիսավոր հայտարարեց պարոն Սիմոնյանը, ժապավենով կապած գուլպաները հանձնելով ցեց Վիգենին,- Անուշ արա կոստյումներիս փոխարեն: Երբ ուտես, վերջացնես՝ նոր գուլպաներ կգնեմ, կլինի՞
-Անշուշտ կլինի,- հուզված արձագանքեց ցեց Վիգենը, շոյված, որ հատուկ իր համար նվեր են գնել,- Էլ կոստյումներ չեմ ուտի, իրականում գուլպաները շա՜տ ավելի համեղ են ու սննդարար, քան կոստյումները:
-Չգիտեմ, չեմ փորձել,- ասաց պարոն Սիմոնյանը,- Բայց եթե դու ես ասում՝ ուրեմն հավատում եմ: Ուրախ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:
Եվ երկուսն էլ գոհ մնացին:

Ցուցադրել ավելի
Back to top button