Լուրեր

Գավառի թիվ 2 դպրոցի 5 մասնաշենքերի կառուցումն ամբողջությամբ ավարտված է

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք` ծանոթանալու շինարարական աշխատանքների ավարտական փուլին եւ շենքի շահագործման հանձնելու հետ կապված խնդիրներին:

Ինչպես ներկայացրել է շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ տնօրեն Դավիթ Եսայանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից:

Դպրոցը կառուցվել է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է «Ասիական զարգացման բանկ»-ի միջոցներից:

«Շինարարական աշխատանքներն ընթացել են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Այս պահին մնում է կարգավորել հանձնընդունելության հետ կապված խնդիրները, որից հետո 525 տեղանոց եւ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման կհանձնվի այս ուսումնական տարվա սկզբից»,-ներկայացրել է Դավիթ Եսայանը:

Մարզպետը շրջել է դպրոցի մասնաշենքերում, ներկայացրեց իր դիտարկումները, ապա պատվիրատու եւ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների եւ դպրոցի տնօրենի հետ քննարկել շենքի շահագործման հանձնման հետ կապված որոշակի հարցեր:

«Ամեն ինչ պետք է անենք, որ նորակառույց դպրոց հաճախել ցանկացող բոլոր առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին կարողանան օգտվել այդ հնարավորությունից և ստիպված չլինեն ընտրել իրենց բնակության վայրից ավելի հեռու գտնվող դպրոցներ։ Դրա համար շենքը պետք է որքան հնարավոր է շուտ հանձնվի շահագործման, որպեսզի դպրոցը հասցնի ստանալ սեփականության իրավունքի վկայական, որի հիման վրա դիմի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նոր լիցենզիա ստանալու համար, որն էլ թույլ կտա` ավելի շատ թվով առաջին դասարանցիներ ընդունելու դպրոց»,-նշել է Գնել Սանոսյանը։ Կողմերը մարզպետին ներկայացրել են շենքի շահագործման հետ կապված որոշ հարցեր, որոնց լուծմանը մարզպետը խոստացել է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/644572306416901
Ցուցադրել ավելի
Back to top button