Ամեն տարի աշնանը, Երևանի Մաշտոցի պուրակի հաստաբուն, բարձր ծառերի տակ հավաքվում էին բզեզները՝ մասնակցելու Պտտվող տերևների մրցույթին: Ամենահամարձակ բզեզները բարձրանում, նստում էին ամենավերին ճյուղերի դեղնած տերևներին ու ճոճում էին դրանք: Տերևները պոկվում էին ճյուղերից և բզեզների հետ միասին, հոլի պես պտտվելով իջնում էին գետին:
Իսկ ներքևում հավաքվածները միասին, բարձրաձայն հաշվում էին պտույտները.
-Մե՜կ, երկու՜, երե՜ք…հինգ…ի՜նը…տասնմե՜կ…
Հաղթում էր այն բզեզը, որի տերևն ամենից շատ էր պտույտներ գործում օդում, մինչև գետնին իջնելը: Հաղթողը դառնում էր հերոս ու մի ամբողջ տարի բզեզների ողջ համայնքը հիացմունքով էր խոսում նրա մասին:
Եկավ հերթական աշունը, բզեզները կրկին հավաքվեցին Մաշտոցի պուրակում ու մրցությունն սկսվեց: Բոլորի հետ, առաջին անգամ իր կյանքում, մրցությանը մասնակցելու էր եկել նաև Մանուկը, որը ջահել, խոստումնալից բզեզ էր ու որոշել էր անպայման հաղթել:
Մրցավարի սուլիչով մասնակիցները գրոհեցին ծառերը, ներքևում հավաքվածները քաջալերում էին նրանց ծափողջույններով ու սուլոցներով:
Մանուկը, շատ մասնակիցների գերազանցելով արագությամբ, հասավ դեղին տերևներից մեկին, ցատկեց վրան ու սկսեց ճոճել որքան ուժ ուներ: Տերևը պոկվեց ու Մանուկի հետ միասին թռավ՝ գլխապտույտ արագությամբ շրջաններ գործելով: Ներքևում կանգնածները ոգևորված հաշվում էին տերևի պտույտները,-
Մե՜կ…երե՜ք…ի՜նը…տասներե՜ք…տասնյո՜թ…քսանմե՜կ…
Արդեն պարզ էր, որ Մանուկը պիտի հաղթի, գետինն արդեն շատ մոտ էր, մեկ էլ հանկարծ անսպասելի քամի բարձրացավ ու տերևն իր գիրկն առնելով, քշեց, տարավ պուրակից հեռու, շա՜տ հեռու…