Առյուծների արքան․ Դին Շնայդեր

Պատկերացրեք, որ ապրում եք աշխարհի գեղեցիկ երկրներից մեկում և ունեք լավ, բարձր վարձատրվող աշխատանք․․․ Բայց հանկարծ, մի օր որոշում եք, որ ձեր տեղը ոչ թե սովորական, աշխատաանքային գրասենյակն է, այլ աֆրիկյան սավանաները՝ առյուծների, հիենաների, վագրերի կողքին։ Անհավատալի՞ է հնչում․․․բայց ոչ շվեյցարացի Դին Շնայդերի համար։ Նա հենց այդպես էլ արել է՝ թողել է աշխատանքը Շվեյցարիայում և տեղափոխվել Հարավային Աֆրիկա՝ կենդանիներին ավելի մոտ լինելու և նրանց օգնելու համար։

Դեռ մի քանի տարի առաջ Դինը հաջողակ բիզնեսմեն էր, մինչ այն պահը, երբ հասկացավ, որ այդ ամենն իրենը չէ։ 2017-ին նա վերջնականապես թողեց ամեն ինչ, վաճառեց ամբողջ կարողությունն ու գնաց իր մանկության երազանքի հետևից՝ դեպի վայրի բնություն։ Դինը ակտիվ է սոցհարթակներում․ Instagram-ում և Youtube-ում նա հաճախ է պատմում Աֆրիկա տեղափոխվելու և առյուծների հարևանությամբ ապրելու իր որոշման մասին։ Հարցազրույցներից մեկում, առյուծների արքան անկեղծացել է․ «Ես ունեի ամեն ինչ, բայց ինձ երջանիկ չէի զգում։ Զբաղվում էի մի գործով, որն ինձ համար չէր։ Ու մի օր ինքս ինձ ասացի՝ պետք է մի բան փոխել։ Հենց այդ պահից էլ հետևում եմ իմ երազանքին՝ փրկում եմ կենդանիներին ու հոգ տանում նրանց համար»։


Մինչ Աֆրիկա տեղափոխվելը, Դինն օգնում էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների։ Բայց դա բավարար չէր և որոշեց, որ Աֆրիկայում պետք է արգելոց բացել ու հոգ տանել վայրի կենդանիների մասին՝ փրկելով նրանց որսագողերից։
Ասել, որ նրա ընտանիքն ու մտերիմներն ապշել էին այդ որոշումից, նշանակում է՝ ոչինչ չասել։ Շատերն անգամ մտածում էին, որ Դինը ճակատագրական սխալ է գործում և անպայման կձախողվի։


Բայց, եթե թերթեք հայտնի սոցցանցերն ու փնտրեք Դին Շնայեդրի անունը, առաջին իսկ պահից կհասկանաք՝ նրա գործերը հաջող են ընթանում։ Արգելոցն առյուծների արքան անվանել է Hakuna Mipaka, որը թարգմանաբար նշանակում է «առանց սահմանափակումների»։ Այստեղ աշխատանքը հիմնվում է 5 սկզբունքի վրա՝ ազատություն, հավատարմություն, երախտագիտություն, եղբայրություն և համարձակություն։
Hakuna Mipaka-ն զբաղեցնում է աֆրիկյան սավանաների շուրջ 400 հա տարածքը, բայց այն գաղափարն ու սերը, որ կա այստեղ ՝ անասելի մեծացնում և ավելի ընդգրկուն են դարձնում տարածքը։ Ի դեպ, արգելոցը հիմնելուց կարճ ժամանակ անց, այս գործին միացան նաև ներդրողները։


Այժմ արգելոցի հեղինակը մի նպատակ ունի, որ վայրի կենդանիների ու բնության մասին մարդիկ ավելի շատ բան իմանան, սովորեն սիրել ու գնահատել շրջակա միջավայրը։ Ըստ Դինի՝ մենք պաշտպանում ենք այն, ինչ սիրում ենք։ Հետևաբար, եթե մարդիկ հասկանան, կսկսեն սիրել ու նաև պաշտպանել բնությունը։
Եթե պատահաբար այցելել եք նրա էջերը, ապա տեսած կլինեք ամենօրյա կարճ հոլովակներ, որտեղ Դինը ներկայացնում է կենդանիներին, նրանց կյանքը, սովորությունները, թե ինչ են ուտում, ինչպես են քնում կամ զարթնում։ Բայց, նաև չի մոռանում հիշեցնել, որ սա վայրի բնություն է և կենդանիները, երբեմն, կարող են «դաժան» լինել, օրինակ՝ անմեղ գրկախառնությունից հետո քեզ հուշ մնան քերծվածքներն ու սպիները։

Լինե՛լ զգույշ, կարողանալ պաշտպանվել առյուծներից և մյուս վայրի կենդանիներից, բայց նաև սիրել ու գնահատել նրանց։ Սա այն է, ինչ Դինն ամեն օր սովորեցնում է իր էջ այցելող բազմաթիվ հետևորդներին։

Ցուցադրել ավելի
Back to top button