Հայրիկի դասերը

Երեխաներին նայենք հավասար աչքով

Ես էսօր, սիրելի ռադիոունկնդիրներ, ցանկանում եմ խոսել մի շատ նուրբ թեմայի շուրջ։ Այսինքն, իրականում, գրեթե բոլոր թեմաները, որոնց շուրջ մենք ծավալում ենք մեր զրույցները՝ նուրբ են, երբեմն՝ համարձակ, գուցե ոմանց համար՝ անգամ վիճահարույց, բայց կոնկրետ էս խոսակցության նյութը, թեման իսկապես բոլորի կողմից չի, որ անհրաժեշտ ըմբռնման է արժանանում․․․և էսպես՝ ուզում եմ խոսել մեր իսկ բալիկների հանդեպ մեր վերաբերմունքի մասին։
Պարզաբանեմ՝ ավելի ճիշտ ուզում եմ կոչ անել, սիրելի հայրիկներ, որ մեր բոլոր երեխաներին նայենք հավասար աչքով, անկախ նրանց ընդունակություններից, սեռից, բնավորությունից և այլ բաղադրիչներից, որոնցով երբեմն առաջնորդվում ենք։
Ծնող կա, որ իր երեխաներից մեկի հանդեպ շատ ավելի հոգատար է, քան մյուսների, կա, որ երեխաներից մեկին նմանեցնում է իր մորը կամ հորը, կամ՝ հենց իրեն։ Ու սկսում է նրան մյուսներից շատ գուրգուրել ու երես տալ։ Ձեզ կարող է թվալ, որ մյուս երեխաները դա չեն զգում։ Հավատացեք, սիրելի ծնողներ ու հատկապես՝ սիրելի հայրիկներ, էն էլ ո՜նց են զգում, և զգում են շատ ավելի ու դառը կերպով։ Փոքր տարիքում նման վերաբերմունքի պատճառով ծնողական գգվանքից համեմատաբար զրկված երեխան կարող է չսիրել ու մինչև անգամ թշնամանալ իր ավելի սիրված եղբոր կամ քրոջ հանդեպ․․․
Տեսնու՞մ եք մեզնից ինչքան բան է կախված․․․իսկ ով էր ասե՞լ, որ ընտանիք կազմելն ու այն ղեկավարելը հեշտ է լինելու։ Իրականում դա երևի ամենաբարդ գործն է էն ամենից, ինչ մենք մեր կյանքում անում ենք։ Բարդ, բայց անհրաժեշտ ու պատվաբեր։Մեր ծնողները մեզ մեծացրեցին, մարդ դարձրեցին, հիմա նույնը պիտի մենք անենք մեր երեխաների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button