Օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պատմամշակութային արգելոցը կրկին բացում է դռները զբոսաշրջիկների համար

Օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը:
«Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ:
Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը և կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:
Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:Հնագիտական թանգարանում կտեսնեք Տիգրանակերտի վերջին 4 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մ․թ․ 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ։
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար»,- գրել է նա, կից հրապարակելով լուսանկարներ։