Սեպտեմբերի 5-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Փեյնթբոլի «Լեգեոն» ակումբի հետ համատեղ կկազմակերպի ՏՏ և Ինժեներական ընկերությունների միջև Փեյնթբոլի սիրողական մրցաշար:
Մրցաշարին, որը կանցկացվի Սևանա լճի ափին՝ «Լեգեոն» փեյնթբոլի ակումբի տարածքում, կարող են մասնակցել միայն ՏՏ և Ինժեներական ընկերությունների թիմերը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնում են, որ մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել: Վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է, ժ.23:59:
«Առաջին անգամ ինժեներական ընկերությունների հավաքականը մրցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հավաքականի հետ: Սա լավ հնարավորություն է ոչ ֆորմալ միջավայրում հաղորդակցվելու, լավ ժամանակ անցկացնելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: Հաղթող թիմը կարժանանա մրցանակի»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:
Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ:
Փեյնթբոլի խաղից բացի մասնակիցների համար կկազմակերպվի առանձին ավտոարշավ՝ դեպի հարակից բարձունքներ, որտեղից երևում է Սևանը: