Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Յակը

Հեռո՜ւ, շա՜տ հեռու, Տիբեթյան լեռներում, որտեղ հազիվ թե մարդ կարողանա հասնել, ապրում էր Յակը։
Ինչ խոսք, նա ինչ որ բաներից շատ հեռու էր, սակայն, ինչ֊ որ բաների էլ շատ մոտ էր։ Օրինակ՝ նա շատ մոտ էր ձյուներին ու սառույցներին, ցուրտ քամուն ու ձյունախառն անձրևին, հյութեղ խոտերին ու գահավիժող ժայռերին։ Շատ մոտիկ էին նաև ամբողջ օրը մոլեգնող փոթորիկը, ամպերի հետևը թաքնվող արևն ու մրրկահողմի մեջ թռչող սև ագռավները։


Իսկ խանութներն ու պատկերազարդ գրքույկները, պաղպաղակն ու տաք բուխարիկը, կինոն և դպրոց վազող երեխաները չափազանց հեռու էին։
Յակը անուն չուներ, ուստի մենք նրան հենց այդպես էլ կանվանենք՝ Յակ։
Յակը աշխարհում ամենից շատ սիրում էր նստել ժայռերի մեջ, մի խաղաղ տեղ, ու ականջ դնել ծովի ձայնին։ Ինչ֊ որ դիպվածով նա մի ծովախեցի էր գտել, չափազանց գեղեցիկ, պարույրաձև մի խեցի ու երբ մոտեցնում էր ականջին, լսում էր ծովի ալեբախության աղմուկը։


Ո՞վ գիտե, թե ինչպես էր այս կողմերում ծովախեցի հայտնվել։ Բայց ինչ որ կերպ հայտնվել էր, ու Յակն էլ սիրում էր ականջ դնել․․․
Սովորաբար, ցերեկները Յակը իր այդ խեցին թաքցնում էր ուրիշ յակերից ու ագռավներից։ Բայց գիշերները, երբ երկնքում վառվում էին աստղերը, նա նստում էր ժայռերի մեջ, մի խաղաղ տեղ, խեցին հպում ականջին և լսում էր, լսում ու երազում ծովափ գնալու մասին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button