Փոքր ավտոբուսների ձեռքբերումը չի նշանակում հրաժարվել մեծ ավտոբուսներից

Մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին է անդրադարձել ֆեյսբուքի իր էջում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ ներկա գնման գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ավտոբուս, որոնք պետք է ունենան, մասնավորապես
- ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ)
- սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,
- վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն
- ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ
- կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր
- ցածր հատակ
- հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն
- հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, եւ այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում):
Նշել է նաև, որ մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետեւի ավտոբուսների մատակարարման ընթացքը:
«Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի: Տրանսպորտային ռեֆորմը Երեւանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ այն վստահաբար կիրագործվի»,- գրել է նա: