Հայրիկի դասերը

ժամանակների կապը կամ՝ օրինակներ սեփական կյանքից

Սեփական օրինակն ամենահավաստի ապացույցն է ուզածդ պատմության։
Երեխաներին, հատկապես շատ փոքրերին հաճախ թվում է, որ միայն իրենք են փոքր, մեծերը միշտ մեծ են եղել ու, երևի, հենց էդպես մեծ էլ եկել են աշխարհ․․․անձամբ ինքս անթաքույց զարմանքով էի լսում ծնողներիս ու հատկապես հորս պատմություններն իր փոքրության մասին, փորձում էի պատկերացնել նրան մանկահասակ, ինձ տարեկից, բայց դա ինձ մի տեսակ դժվար էր տրվում,անգամ, երբ նայում էի նրա երեխա ժամանակների սև ու սպիտակ, հին, խունացած լուսանկարները։

Ընդսմին, սիրելի հայրիկներ, համոզված եղեք ու անգամ մի էլ կասկածեք, որ ձեր բալիկները ձեզ հարյուր տոկոսով հավատում ու վստահում են։ Եվ, պարզապես, ծարավ են լսելու ձեր շուրթերից իրական, կամ գոնե՝ իրականին մոտ պատմություններ՝ իրենց շրջապատի, իրենց բաժին իրականության հետ հետագայում սեփական հարաբերությունները կառուցելու բարդ գործում։

Եթե հայրս է արել՝ ուրեմն մի բան գիտի, եթե հայրս է ասում՝ նշանակում է հենց էդպես էլ եղել է, դույզն իսկ կասկած չունեմ, որ նրա օրինակը բոլոր եղածներից լավագույնն է։

Սիրելի հայրիկներ, ասածս ի՞նչ է՝ երեխաների հետ պետք է զրուցել, ու ցանկալի է՝ նրանց օրինակներ բերել սեփական կյանքից, կյանքի օրինակները միշտ ամենահետաքրքիրն են, ամենաարտառոցն ու իմաստունը, դրանք հնարավոր չէ հորինել, քանզի կյանքից ավելի լավ հորինող ու հավաստի ներկայացնող, պարզապես, գոյություն չունի։ Սա ասում եմ, որպես տասնամյակներ ապրած մարդ ու նաև որպես՝ արվեստագետ, որպես գրող ու սցենարիստ։

Ցուցադրել ավելի
Back to top button