Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է համայնքային ենթակայության մարզամշակութային կազմակերպությունների տնօրենների հետ։
Հանդիպմանը քննարկվել են ոլորտների հիմնական խնդիրներն ու անելիքները: Թատրոնների մասով կարևորվել է նոր բեմադրությունների պլանավորման և նախապատրաստական աշխատանքները:
Ներկայացվել են նաև «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» և «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման, արիդականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը:
Ստեղծված իրավիճակում կարևոր է թանգարաններում նոր նախագծերի իրականացումը, նոր գործիքակազմերի, առցանց հարթակների ճիշտ օգտագործման հնարավորությունների ներդրումը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:
Անհատական և խմբային, տեսական և գործնական պարապմունքները, բացառությամբ շնչառական և մարմնա-պլաստիկական գործողություններ ենթադրող դասընթացների, պետք է իրականացվեն դիմակներով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ընդունելությունը կկազմակերպվի մինչև սեպտեմբերի 20-ը:
Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ֆիլհարմոնիաների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին: Համայնքային ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունները ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 25-ից:
1 րոպե կարդալու