Հայրիկի դասերը

Դժվար ու անհարմար հարցեր

Հիշում եմ, թե ինչպես մի երեխա հարցրել էր հորը․ «Պապ, բա ինչու՞ ա ջուրը թաց․․․»։ Դե արի,հայրիկ ու գտի պատասխան նման, առաջին հայացքից թվում է՝ պարզունակ հարցին։


Փոքրիկի համար աշխարհաճանաչության գլխավոր բաղադրիչներից մեկն էլ հարցեր տալն է, անվերջանալի, հաճախ՝ անսպասելի, բազմապիսի հարցեր։
«Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։
Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
Ու ստանում նոր հարցեր․․․»։
Հիշու՞մ եք՝ «Քամին ունայնության», Ռուբեն Հախվերդյան։
Գրել է բոլորիս անունից, անկասկած, մեծ արվեստագետները միշտ էլ տիրապետում են ընդհանրացումներ անելու աստվածատուր շնորհին։


Ես փորձում եմ գտնել պատասխաններ․․․այ էս տողը շատ էական է։ Այո,մենք վերածննդի շրջանի էնցիկլոպեդիստները չենք, որ հավասար գիտելիք ունենանք թե՛ ճգրիտ գիտությունների, թե՛ արվեստի բնագավառներում հավասարապես։ Շատ հաճախ մենք իսկապես փորձում ենք շոշափելով, տրամաբանելով, ժողովրդի լեզվով ասած՝ գցել-բռնելով գտնել որոշ հարցերի պատասխաններ․․․
Իսկ փոքրիկներն էնքա՜ն հետաքրքրասեր են, նրանց էնքա՜ն բան է հուզում հսկայական, հիմնականում՝ անծանոթ աշխարհում․․․
Ես հիշում եմ, թե ինչ էր անում հայրս, երբ սկսում էի նրա հոգին հանել իմ անվերջանալի, երբեմն բացահայտ տափակ հարցերով․ նա, մեծ համբերությամբ զինված՝ հաճախ ոչ թե ուղղակի պատասխան էր հնչեցնում, այլ հրավիրում էր ինձ միասին խորհրդածելու․․․Իսկ ինքդ ի՞նչ ես կարծում․․․իսկ եթե դու լինեիր՝ ո՞նց կշարժվեիր․․․


Մենք միասին, մտածելով, ենթադրելով, հավանության արժանացնելով կամ մերժելով՝ գտնում էինք ճիշտ պատասխանը և ես աշխարհով մեկ էի լինում, զգալով, թե ի՜նչ խելացի եմ․․․
Պարզ է, թե երկուսիցս ով էր խելացին։
Խելացի, դատող մարդը միշտ էլ կգտնի իր ճամփան կյանքի ոլորաններում, մանավանդ, եթե նրա ծնողը հեռատեսորեն ժամանակին վառել է այդ ճանապարհը լուսավորող լապտերները․․․

Ցուցադրել ավելի
Back to top button