Լուրեր

Արևաշող համայնքը նոր խաղահրապարակ ունի

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Արևաշող համայնքում ներկա է գտնվել «Յազիկ» թաղամասի խաղահրապարակի բացմանը: Մարզի ղեկավարին արևաշողցիները դիմավորեցին աղ ու հացով:

Համայնքի համար այս կարևոր իրադարձության առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել:

Խաղահրապարակը կառուցվել է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև ծնունդով արևաշողցի բարերար Սամվել Դունամալյանը:

Շնորհավորելով համայնքի բնակիչներին խաղահրապարակի բացման առիթով՝ մարզի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել բարերարին ծննդավայրին ձեռք մեկնելու համար: Ա. Ղուկասյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք-մասնավոր ներդրում եռակողմ համագործակցության շնորհիվ հնարավոր է լինում համայնքներում ավելի մեծ և արդյունավտ ծրագրեր իրականացնել: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին այս մոդելն առավել կիրառելի կլինի:

Արևաշողցիների համար խաղահրապարակ ունենալը երազանք էր, ասում են՝ վերջապես կկարողանան երեխաներին հեռախոսից ու համացանցից կտրել, դրա հետ մեկտեղ սպորտը համայնքում զարգացնել ու խթանել առողջ ապրելակերպը: Երեխաներն էլ խոստանում են՝ լավ ֆուտբոլիստներ դառնալ:Արդեն իսկ համայնքում թիմեր են կազմել ու մրցումներ անցկացրել, արդյունքում այսօր գավաթների ու մեդալների արժանացան:

Խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը 6 մլն 378 հազար դրամ է, որից 2 մլն 552 հազար դրամը պետական ներդրումն է, մնացածը՝ համայնքային և մասնավոր:Կռուցվել է 45 մ * 24 մ արտաքին չափերով խաղահրապարակ, անցկացվել են խողովակներ, կատարվել է նաև խճապատում, տեղադրվել են դարպասներ, նստարաններ, արհեստական խոտածածկ, տարածքը ցանկապատվել է: Ծրագրի հիմնական շահառուները «Յազիկ» թաղամասի բնակիչներն են` շուրջ 3000 մարդ:

Համայնքում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում են նաև վերոնշյալ թաղամաս տանող երկու փողոցները` 915 մ և 96 մ երկարությամբ (լայնությունը՝ 5մ)` հնարավորություն տալով միջհամայնքային տրանսպորտին սպասարկել նաև այդ թաղամասը:

Արևաշող համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է մեկ այլ ծրագիր ևս՝ «Համայնքապետարանի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի և առաջին փողոցի 11-րդ նրբանցքի փողոցային լուսավորության ցանցի կառուցում»:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է համայնքային ճանապարհին լուսավորություն անցկացնել նոր պողպատե սյուներով՝ տեղադրելով 23 հատ լեդ լուսատու: Կկառուցվի նաև 10 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ «Խազեր» կազմակերպության և համայնքում ստեղծվող հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button