Լուրեր

ԿԳՄՍՆ-ն միջազգային գործընկերներին իրազեկել է Արցախի և ՀՀ-ի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 6-րդ առցանց նիստի շրջանակում (6th Armenia-EU Sub-committee meeting — People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth, Culture, Information Society, Audiovisual, and Science and Technology”) Հայաստանի ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են նաև Արցախի և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նիստը, որին մասնակցում էին Եվրոպական Հանձնաժողովի համապատասխան ոլորտային վարչությունների աշխատակիցներ և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ, հայկական կողմից համանախագահել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Եվրոպական հարևանության ռազմավարության և գործիքակազմի բաժնի ղեկավարի տեղակալ Բեատրիս Սալվադոր Գարսիան:

Հայկական կողմը ԵՄ գրասենյակի գործընկերներին ներկայացրել է COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնահարող ագրեսիայի մասին՝ ուշադրություն իրավիրելով այն փաստի վրա, որ հարձակումներ են իրականացում խաղաղ բնակչության դեմ և ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Նա կարևորել է, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտի սովորողների, դասավանդողների և ուսումնական հաստատությունների հանդեպ ադրբեջանական թիրախավորված հարձակումները: Հայկական կողմը նաև ներկայացրել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին ադրբեջանական ագրեսիայի ներկա և հնարավոր ազդեցության մասին։

Տարին մեկ կազմակերպվող ենթակոմիտեի նիստի շրջանակում մանրամասն ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, աշխատանքի և տեղեկատվական հասարակության ոլորտներում բարեփոխումների (այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցության և ԵՄ աջակցության շնորհիվ) ներկա ընթացքը և հետագա քայլերը:

Ցուցադրել ավելի
Back to top button