Ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մեջ ներգրավված քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը՝ կապված տարածաշրջանում արգելված կասետային ռումբերի օգտագործման հաստատման հետ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հրապարակել են կադրեր, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քաղաքում կասետային զինամթերքի օգտագործումը:
Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման փորձագետները կարողացել են գտնել Ստեփանակերտի բնակելի թաղամասերում կադրերի նկարահանման տեղը եւ հայտնաբերել իսրայելական արտադրության M095 DPICM կաստերային զինամթերքները, որոնք, ըստ ամենայնի, արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից:
«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, հետեւաբար դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակման համար հատկապես վտանգավոր է եւ կհանգեցնի միայն նոր զոհերի եւ վնասվածքների»,- ասել է Amnesty International-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեեւը:
«Կասետային ռումբերն իրենց բնույթով անխտրական զենք են, եւ դրանց օգտագործումը բնակավայրերում բացարձակ սարսափելի է եւ անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձանց պետք է պաշտպանել, այլ ոչ թե ենթարկել կանխամտածված հարձակումների կամ անխոհեմ վտանգների»:
Amnesty International-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել լիովին պահպանել միջազգային մարդասիրական օրենսդրության նորմերը եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների հետեւանքներից: